Թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի նկատմամբ հասել է 17․22-ի
Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկվել։ Հունիսի 13-ին 1 ամերիկյան դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 17․22-ի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Լիրան միաժամանակ արժեզրկվում է եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այսօր ժամը 10։45-ի դրությամբ արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են 1 եվրո/18․043, 1 ստերլինգ/21․11 փոխարժեքով։
Թուրքական լիրայի այս շարունակական արժեզրկումն առաջինն է 2021-ի դեկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած միջոցառումներից հետո, որոնց արդյունքում վերջին ամիսներին հաջողվում էր թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի դիմաց պահել 14.5-14.7 -ի սահմաններում:
Հիշեցնենք, որ 2021 թվականի վերջին դոլարի փոխարժեքը պատմական ռեկորդ էր սահմանել՝ գերազանցելով 18 թուրքական լիրան: Իրավիճակը կարգավորելու նպատակով Թուրքիայի նախագահը հայտարարել էր տնտեսական քայլերի փաթեթի մասին, որը ստացավ դոլարի փոխարժեքով փոխհատուցվող ավանդների ծրագիր անվանումը:
Այդ ծրագիրը լիրայով ավանդներ ունեցողներին դոլարի փոխարժեքի տատանման արդյունքում կրած կորուստների փոխահատուցումից բացի, ներառում է նաև արտահանողների համար ապագայի համար կայուն փոխարժեքի տրամադրում և մի շարք այլ քայլեր: Այս ծրագրի ներդրմամբ և դրան զուգահեռ Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստների հաշվին շուկայում միլիարդավոր դոլարների ներարկումների արդյունքում հնարավոր եղավ այս ամիսներին փոխարժեքը կայուն պահել 14.7 լիրայի շրջակայքում: