Կկայանա «Ալեքսանդր Սպենդիարյան. ձայնասկավառակով պատկերագրքի» շնորհանդեսը
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 14-ին, 19:30-ին, «Երևան, իմ սեր» հիմնադրամի շենքում կազմակերպում է «Ալեքսանդր Սպենդիարյան» պատկերագրքի շնորհանդեսը:
Հիշեցնենք, որ 2021 թ. լրացավ կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, դիրիժոր, հասարակական գործիչ, մանկավարժ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը, որն ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, կոմպոզիտորի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և համակարգմամբ իրականացվեցին բազմաբնույթ նախագծեր Հայաստանում և արտերկրում: Դրանց թվում՝ կոմպոզիտորի տուն-թանգարանի ներկայացրած «Ալեքսանդր Սպենդիարյան. պատկերագիրք՝ ձայնասկավառակով» նախագիծը արժանացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավանությանը՝ մասնակցության ծրագրով ստանալով աջակցություն:
Պատկերագրքի նախապատրաստական աշխատանքները տևել են երկու տարի՝ 2019-2021 թթ. (ծրագրի ղեկավար և գլխավոր կազմող-խմբագիր՝ Մարինե Օթարյան, կազմողներ՝ Աստղիկ Հարությունյան, Հասմիկ Համբարյան, գլխավոր խմբագիր՝ Հասմիկ Գուլակյան, թարգմանիչ՝ Գոհար Մելիքյան): Գրքում տեղ են գտել Հայաստանի և արտերկրի շուրջ 22 թանգարաններից ու արխիվներից հավաքագրված 972 նյութ, որոնց նշանակալի մասը հանրայնացվել է առաջին անգամ:
Պատկերագրքում զետեղված ձայնասկավառակի ձայնագրությունն իրականացրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ տնօրեն Սարգիս Բալբաբյանի ղեկավարությամբ: Ձայնասկավառակում տեղ են գտել կոմպոզիտորի 10 սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ (ՀՊՍՆ, դիրիժոր՝ Վահագն Պապյան, Կարեն Շահգալդյան (ջութակ), Սևակ Ավանեսյան (թավջութակ), Արմինե Գրիգորյան և Մարիաննա Շիրինյան (դաշնամուր)):
Պատկերագիրքը հրատարակվել է «Անտարես» հրատարակչությունում:
Իր տեսակով բացառիկ այս նախագիծը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն, ինչը հնարավորություն կտա հանրահռչակելու հայ մեծ դասականի կյանքի և ստեղծագործական ուղին նաև միջազգային ասպարեզում:
Շնորհանդեսին հրավիրված են պետական այրեր, Հայաստանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ (դեսպաններ), մտավորականներ: Մուտքը՝ հրավիրատոմսով:
Երեկոյի ծրագրում`բացման խոսք և ելույթներ;
համերգ՝ կհնչեն Սպենդիարյանի կամերային ստեղծագործություններից՝ ջութակահար Կարեն Շահգալդյանի և դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանի կատարմամբ;
պատշգամբում հյուրերը կծանոթանան «Մեկ ցուցանմուշի պատմության»՝ կոմպոզիտորի տուն-թանգարանից միայն մեկ օրով այստեղ հանգրվանած Արարատյան թեմի առաջնորդարանի շենքի մանրակերտին: Այն ունի հայերեն, ռուսերեն և անգլերեն աուդիո ուղեցույց:
Միջոցառումը բացօթյա է:
Միջոցառման վերջում՝ հյուրասիրություն պատշգամբում: