Առանձնատներ՝ Հունաստանում և Դիլիջանում, արժեթղթեր, բանկային ավանդներ, հաշվին՝ 260 հզր եվրո․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել Կարեն Անդրեասյանը
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրել է 2021 թվականի տարեկան հայտարարագիրը։
Կարեն Անդրեասյանը մեկ բնակարան ունի Երևանի կենտրոնում, որը նվիրատվություն է ստացել 2012–ին, Դիլիջանում առանձնատուն ունի, որը գնել է 2012–ին, առանձնատուն ունի Հունաստանում՝ Կենտրոնական Մակեդոնիայի Գերակինիում, որը զբոսաշրջության կենտրոն է։ Հունաստանում առանձնատունը գնել է 2019–ին։
2019–ին Կարեն Անդրեասյանը երեք նվիրատվություն է ստացել, որոնց բաժնային սեփականատերն է եղել․ հասարակական նշանակության շինություն՝ Երևանի կենտրոնում, և երկու ավտոտնակ–ավտոկայանատեղի՝ կրկին Երևանի կենտրոնում։ 2021–ին 2019–ին ստացած նվիրատվությունները առկա չեն։
2021–ին Կարեն Անդրեասյանը 35 մլն դրամի արժեթղթեր է գնել, 51 800 դոլար բանկային ավանդ ունի, որի չափը հարկային տարվա սկզբին կազմել է 151 հզր 800 դոլար։
2017–ին 4 մլն դրամ արժողությամբ թանկարժեք զարդ է նվեր ստացել։
Բանկային հաշիվներին ունի 10 հզր դոլար, մոտ 260 հզր եվրո, 2 մլն դրամ, կանխիկ ունի 1.5 մլն դրամ։
Հաշվետու տարվա եկամուտը կազմում է 61 մլն դրամ, 10 հզր դոլար և 2700 եվրո։
Հանգստի համար ծախսել է 6000 եվրո, տարեկան ծախսի չափը կազմել է 43 մլն դրամ՝ հանգստից բացի։
Կարեն Անդրեասյանի կինը՝ Եվա Առաքելյանը, կանխիկ հայտարարագրել է 900 հզր դրամ, բանկային հաշվին` 402 հզր դրամ, անշարժ գույք չունի։