Բաժիններ՝

Ուկրաինա-Հայաստան․ կենտրոնացնելով բոլոր զգայարանները խաղի վրա

Ազգերի լիգայի երրորդ խաղում Հայաստանի ազգային հավաքականը կհանդիպի Ուկրաինային։ Խաղը տեղի է ունենալու Լեհաստանում։ Հավաքականին սպասվում է ևս մեկ շատ բարդ հանդիպում, ինչին հաջորդելու է Շոտլանդիայի հետ խաղը Հայաստանում։

Մեկ տարի առաջ Ուկրաինայի հավաքականը վստահ անցկացրեց Եվրո-2020-ը, որտեղ դուրս եկավ խմբային փուլից։ Փլեյ-օֆֆի առաջին փուլում Ուկրաինայի հավաքականը հաղթեց Շվեդիային, այս խաղում թիմը վճռորոշ գոլը խփեց 120-րդ րոպեին։ Քառորդ եզրափակիչ փուլում հետևեց պարտությունն Անգլիայից։

Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում այսօրվա անվանական տանտերերը տարան երկու հաղթանակ և վեց ոչ-ոքի, ինչը նրանց բերեց երկրորդ տեղը։ Անցումային խաղերում թիմը հաղթեց Շոտլանդիային (3:1), որից հետո պարտվեց Ուելսին (0:1) և դուրս մնաց Աշխարհի առաջնությունից:

Ազգերի լիգայի վերջին մրցաշրջանում Հայաստանի հավաքականը վստահ հանդես եկավ և կարողացավ բարելավել իր կարգավիճակն այս մրցաշարում։ Աշխարհի գավաթի ընտրական փուլում Խոակին Կապարոսի թիմը տասը տուրերում գրանցեց երեք հաղթանակ և երեք ոչ-ոքի, որոնք բերեցին 12 միավոր և չորրորդ տեղը։

Նոր առաջնությունում հավաքականը մեկնարկեց Իռլանդիայի նկատմամբ տարած հաղթանակով (1:0), որից հետո ազգային ընտրանին չկարողացավ գլուխ հանել Շոտլանդիայի հետ (0:2) խաղում:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը խաղից առաջ նշում է, որ թիմը  դեռևս վերականգնման գործընթացի մեջ է։

«Կտեսնենք, թե ինչպես կվերականգնվեն ֆուտբոլիստները։ Շոտլանդիայի հետ հանդիպումն արդեն անցյալում է։ Մենք բոլոր հինգ զգայարաններով արդեն կենտրոնացած ենք վաղվա հանդիպման վրա։

Ուկրաինան շատ տաղանդավոր ու բարձրակարգ հավաքական է։ Բայց մենք էլ վստահում ենք մեր ուժերին և հուսով ենք, որ լավ խաղ կանցկացնենք»։

Հանդիպման գլխավոր մրցավարն է Դանիել Ստեֆանսկին (Լեհաստան)։ Մրցավարի օգնականներն են Դավիդ Գոլիսը (Լեհաստան) և Միխալ Օբուկովիչը (Լեհաստան), 4-րդ պաշտոնյան է Լուկաշ Կուզման (Լեհաստան)։ VAR-ի մրցավարն է Պյոտր Լասիկը (Լեհաստան), VAR-ի մրցավարի օգնականը՝ Կժիշտոֆ Միրմուսը (Լեհաստան)։

Հանդիպումը կկայանա հունիսի 11-ին՝ Երևանի ժամանակով ժամը 17։00-ին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս