
ԱՄՆ-ում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի

ԱՄՆ-ում բենզինի միջին արժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 5 դոլարը մեկ գալոնի դիմաց (3,78 լիտր):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գազալցակայանների գների ագրեգատոր GasBuddy ընկերության՝ հունիսի 10-ին հրապարակած տվյալները։
«Ամենասարսափելին այն է, որ պահանջարկը չի արձագանքում բենզինի գների կտրուկ աճին, ինչը նշանակում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում գների աճի մեծ հավանականություն կա», – ասում է GasBuddy-ի վառելիքի շուկայի վերլուծության ղեկավար Պատրիկ Դե Հաանը:
Որպես գնի բարձրացման պատճառներ ընկերության վերլուծաբանները նշում են համաշխարհային շուկաներում նավթի գների աճը, վերամշակման հզորության նվազումը, ինչպես նաև Ուկրաինայում՝ Ռուսաստանի իրականացրած հատուկ գործողությունը, որը հանգեցրեց համաշխարհային առաջարկի նվազման և միաժամանակ պահանջարկի աճի։
Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիան (AAA) հունիսի 10-ին ավելի վաղ հայտնել էր, որ վառելիքի միջին արժեքը ԱՄՆ-ում կազմում է 4,986 դոլար մեկ գալոնի դիմաց: