«Զարեհ Սինանյանը խուլիգան է անվանել Հայաստանի ցուցարարներին»․ մանրամասներ Սինանյանի դեմ անցկացված ակցիայից

Լոս Անջելեսում հայկական համայնքի հետ հանդիպմանը սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչ, ակցիայի մասնակից Վիգեն Սոսիկյանը։

«Զարեհ Սինանյանի այցը գաղտնի էր պահվում հայկական համայնքից, մեզ նախօրոք չեն ասել հանդիպման մասին։ Մենք հանկարծակի իմացանք, որ ինքը Չիկագոյում է եւ որ պետք է գա Լոս Անջելես՝ հայկական համայնքի հետ հանդիպելու։ Դրանից հետո համայնքի ներկայուցուցիչները հավաքվել են սրահում՝ հանդիպման։ Զարեհ Սինանյանի՝ սենյակ մուտք գործելուց հետո ակցիայի մասնակիցներով մեր դժգոհությունը հայտնեցինք իրեն եւ իր իշխանության վարած հակահայկական քաղաքականությանը։ Հանդիպման կազմակերպիչները բավական կոշտ եւ գռեհիկ արտահայտություններ արեցին մեր հասցեին՝ փորձելով ձախողել մեր նախաձեռնությունը։ Նույնիսկ քաշքշուկ եղավ, բայց ցուցարարները շատ զուսպ էին եւ ազատեցին սրահը»,- նշեց Սոսիկյանը։

Վիգեն Սոսիկյանի խոսքով՝ ակցիայի մասնակիցների՝ սրահից դուրս գալուց հետո Սինանյանի հետ հանդիպմանը մնաց ընդամենը 15 հայ։

«Ընդորում՝ 15 հայերից մի քանիսը հենց հանդիպման կազմակերպիչներն էին։ Մինչդեռ 2018 թվականին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին հազարավոր հայեր դիմավորեցին նույն սրահում։ Սա վկայությունն է այն բանի, որ այս իշխանությունը վաղուց կորցրել է հարգանքը եւ հեղինակությունը հայերի մոտ»,- նկատեց Վիգեն Սոսիկյանը։

Ակցիայի մասնակցի խոսքով՝ սրահից դուրս գալուց կարճ ժամանակ անց ինքը որոշել է վերադառնալ սրահ՝ Զարեհ Սինանյանին հարցնելու՝ Արցախը կարո՞ղ է լինել Ադրբեջանի կազմում։

«Մոտ 15 րոպե ես սպասեցի իմ հարցը տալուն, եւ այդ ընթացքում որեւէ խոսք չեղավ Արցախի մասին․ ասես դա չէ մեր օրհասական հարցը։ Փոխարենը Զարեհ Սինանյանը Հայաստանի ցուցարարներին խուլիգան անվանեց։ Ես իրեն հարցրի՝ Զարեհ, ճի՞շտ է, որ Արցախը լինի Արդբեջանի կազմում, թե՝ ոչ։ Ինքը փորձեց տարբեր կերպ խուսափել հարցից, ասաց՝ ոչ մի հայ չի ուզի, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Նորից հարցրի՝ ուրեմն՝ ձեզ համար ե՞ւս Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եւ նա համաձայնեց։ Սա լրջագույն շեղում է Նիկոլի տեսակետից։ Նշանակում է, որ Սինանյանը դա ասաց կամ ճնշման տակ, կամ էլ, իրոք, այդպես է մտածում, եւ իր ու Նիկոլ Փաշինյանի միջեւ ճեղքեր են առաջացել»,- ասաց Վիգեն Սոսիկյանը։

Ըստ Վիգեն Սոսիկյանի՝ Զարեհ Սինանյանը կապ չի պահում հայկական համայնքի հետ։

«Մեզ համար Զարեհը սփյուռքի Նիկոլն է։ Եվ ինչպես Նիկոլը շփում չունի Հայաստանում հասարակության հետ, այնպես էլ Զարեհը մեզ հետ չունի։ Իրենք կարծում են, թե սփյուռքում իրենց մի քանի կողմնակիցների հետ հանդիպելով կապ են պահպանում Հայաստանի եւ սփյուռքի միջեւ եւ կոծկում են իրենց դավաճանությունը»,- հավելեց Վիգեն Սոսիկյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպումը Լոս Անջելեսի հայ համայնքի հետ տապալվել է։ Համացանցում հրապարակված տեսանյութում երեւում է, որ երբ Զարեհ Սինանյանը մտնում է դահլիճ, մասնակիցները «Զարեհ՝ դավաճան» վանկարկումներով են դիմավորում նրան։

Իրավիճակն ավելի լարվեց. հանդիպման մասնակիցները վանկարկեցին՝ «Արցախը հայկական է, Նիկոլը թուրքական է», «Նիկոլ՝ թուրք», «Նիկոլ՝ դավաճան», «Զարեհ՝ դավաճան»: Այդ ընթացքում Զարեհ Սինանյանը լքեց դահլիճը։

Տեսանյութեր

Լրահոս