
Մեկնարկել են գերազանցության մեդալի հավակնորդների քննությունները

Գերազանցության մեդալի հավակնորդները հունիսի 8-ին հանձնել են առաջին կենտրոնացված քննությունը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ Ըստ հանրակրթական դպրոցների ներկայացրած հայտերի՝ այս տարի մեդալի հավակնորդների թիվը 88 է։
Մեդալի՝ կենտրոնացված քննությունների անցկացման նպատակով ձևավորվել է 3 քննական կենտրոն. Երևանում՝ թիվ 114 ավագ դպրոցում, Սյունիքում՝ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում, Շիրակում՝ Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցում։
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի մեդալի կենտրոնացված քննությանը հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է Երևանի թիվ 114 դպրոց, որտեղ այսօր քննություն է հանձնել մեդալի 26 հավակնորդ։ Նա հաջողություն է մաղթել մեդալի հավակնորդներին՝ հորդորելով կենտրոնանալ քննական աշխատանքի վրա:
«Ժամանակին ինքս էլ մասնակցել եմ մեդալի քննություններին և շատ լավ հասկանում եմ ձեր լարվածությունը: Մասնակցելով այս քննություններին՝ դուք արդեն իսկ ապացուցել եք, որ սա ձեր 12 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որն արդեն մեծ հաջողություն է և հաղթանակ»,- նշել է նախարարի տեղակալը:
Ժաննա Անդրեասյանն աշակերտներին հաջողություն է մաղթել նաև բուհական միասնական քննությունների առումով. «Սա ձեր կյանքի ամենակարևոր ամառներից է: Հուսով եմ՝ սեպտեմբերին որպես ուսանող կշարունակեք ձեր կրթությունն արդեն բուհերում»:
Նախարարի տեղակալը նաև մեդալի հավակնորդներից հետաքրքրվել է՝ արդյոք նրանք ունեն որոշակի հարցեր՝ կապված քննության անցկացման ընթացակարգի հետ՝ վստահեցնելով, որ կազմակերպիչները մասնակիցների համար կապահովեն բնականոն և սահուն ընթացք: