Ըստ չհերքված լուրերի, ավելի քան 300 համայնքապետի նկատմամբ կա հարուցված քրեական գործ. «Հրապարակ»
«Հրապարակ» -ը գրում է. 2018-ի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը քրեական հետապնդումներ սկսեց ընդդիմախոսների, նախկինների, այդ թվում հատկապես՝ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների նկատմամբ։ Այդ հետապնդումները գագաթնակետին հասան 2020-ի պատերազմից հետո եւ հատկապես 2021-ին, երբ պարզվեց, որ ՔՊ-ական իշխանությունը ՏԻՄ-երում չի կարողանում հաղթել։ Պատերազմից հետո շատ համայնքապետեր պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ հայտնվեցին նրա սեւ ցուցակում։
Առաջին պլանում, իհարկե, Սյունիքի համայնքապետերն էին, որոնք Փաշինյանին դիմավորել էին սյունյաց ողջույններով։ Փաշինյանը ում կարողացավ, կալանավորեց, ում էլ չկարողացավ, սկսեց համայնքների խոշորացման նոր ծրագիր իրականացնել, որի իրական նպատակն ընդդիմադիր համայնքապետերից ազատվելն էր ու ՏԻՄ-երի ՔՊ-ացումը։ Անհավանական շինծու քրեական գործեր «կարվեցին» հարյուրավոր համայնքապետերի դեմ, որ նրանք չհամարձակվեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին, ոմանց անորոշ ժամանակով մեկուսացրին՝ կալանք տվեցին ընտրություններից առաջ, ոմանց՝ ընտրություններից հետո։
Ինչ-որ պահի Սյունիքի գրեթե բոլոր համայնքապետերը հայտնվեցին բանտում՝ Առուշ Առուշանյան, Մխիթար Զաքարյան, Մանվել Փարամազյան, Արթուր Սարգսյան։ Նրանցից մի քանիսը չմասնակցեցին ընտրություններին, իսկ Առուշանյանը բերդից հաղթեց ՔՊ-ին։ Ըստ չհերքված լուրերի, ավելի քան 300 համայնքապետի նկատմամբ կա հարուցված քրեական գործ։ Ընտրություններն անցել են, կարելի է ասել՝ վտանգն անցյալում է, սակայն որոշ համայնքապետեր շարունակում են մնալ կալանքի տակ՝ կարելի է կարծել, թե ծանր հանցագործություններ են արել։ Մինչդեռ մեղադրանքները ծիծաղելի են, եւ օրենսդրությունն էլ պահանջում է, որ նախնական կալանք կիրառվի միայն կոնկրետ դեպքերում, երբ վտանգ կա, որ մարդը կարող է նոր հանցագործություն կատարել կամ ազդել վկաների վրա: Իսկ համայնքապետերին առաջադրված մեղադրանքները կա՛մ արդեն կատարված, ավարտված են, դիցուք՝ ընտրական հանցագործություններ, կա՛մ տնտեսական մեղադրանքներ են, պաշտոնի չարաշահման հոդվածներով, որոնք հիմնականում անհիմն են, քաղաքական ենթատեքստ պարունակող։