
Լեհաստանն Ուկրաինայի հետ պայմանավորվել է 30 տարվա ընթացքում զենքի ամենախոշոր մատակարարումների շուրջ

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հունիսի 7-ին հայտարարել է, որ իր երկիրն Ուկրաինայի հետ կնքում է վերջին 30 տարվա ընթացքում Կիեւին զենքի մատակարարման ամենախոշոր գործարքը։
«Հենց հիմա մենք կնքում ենք 30 տարվա ընթացքում սպառազինությունների մատակարարման ամենախոշորներից մեկի, եթե ոչ ամենախոշորի, պարտավորագիրը»,-Լեհաստանի մամուլի գործակալությունը մեջբերում է Մորավեցկու խոսքը՝ Ստավլյովա Վոլյա քաղաքի Huta Stalowa Wola (HSW) զինագործարանում ունեցած ելույթից:
Նա հավելել է, որ պարտավորագիրը նախատեսում է 650 մլն եվրո գումարի 50-ից ավելի հաուբիցների մատակարարումներ Ուկրաինային: Մորավեցկին պարզաբանել է, որ Ուկրաինան կվճարի լեհական սպառազինությունների արժեքի միայն մի մասը, մնացածն իր վրա կվերցնի Եվրամիությունը: Արեւմտյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Լեհաստանն արդեն Ուկրաինային տրամադրել է T-72 շուրջ 250 տանկ, համազարկային կրակի «Գրադ» հրթիռային համակարգեր եւ ինքնագնաց հաուբիցներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: