«Այս կոնֆերանսին չեն մասնակցում միայն հարսանիքի հարսնաքույրն ու ազաբ բաշին». Էդգար Ղազարյան
Երևանում՝ «Մարիոթ» հյուրանոցում ընթանում է «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի երկօրյա խորհրդաժողովը։ Վաղ առավոտից ընդդիմադիր պատգամավորները՝ քաղաքացիների մասնակցությամբ, բողոքի ակցիա էին իրականացնում հյուրանոցի դիմաց, քանի որ այդ համաժողովին որևէ ընդդիմադիր պատգամավոր հրավիրվածների ցանկում ներառված չէ, ուստի չէր կարող մասնակցել։
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կոնֆերանսի հիմնական կազմակերպիչներից մեկը Սահմանադրական դատարանն է, և զեկուցողներից մեկը՝ ՍԴ նախագահը։
«Ես ուզում եմ իմանալ՝ Եվրոպայի խորհրդի կամ ԵՄ դեսպանը որտեղի՞ց են իմացել, որ Արման Դիլանյանը ՍԴ նախագահն է, եթե նման որոշում գոյություն չունի։ Հայաստանի պատմության մեջ կա ընդամենը երկու ՍԴ նախագահ՝ Գագիկ Հարությունյանը և Հրայր Թովմասյանը, որի ՍԴ նախագահ լինելու վերաբերյալ կա ԱԺ որոշում։ Արման Դիլանյանի ՍԴ նախագահ լինելու վերաբերյալ որոշում բնության մեջ գոյություն չունի։ Հիմա, որ իրեն դիմում են ՍԴ նախագահ, որտեղի՞ց գիտեն, որ այդ մարդը ՍԴ նախագահ է, եթե նման որոշում գոյություն չունի»,- նշեց Էդգար Ղազարյանը։
Խորհրդաժողովի մասնակիցների ցանկում ներառված են ՍԴ բոլոր դատավորները: Իսկ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը պանելային քննարկումներից մեկի մոդերատորն է:
Ի դեպ, Էդգար Ղազարյանի փոխանցմամբ՝ խորհրդաժողովին մասնակցում են Լուսինե Հակոբյանը և Տիգրան Եգորյանը, որոնց հարսանիքի քավորը Վահե Գրիգորյանն է: «Ստացվում է, որ այս կոնֆերանսին չեն մասնակցում միայն հարսանիքի հարսնաքույրն ու ազաբ բաշին»,- շեշտեց Էդգար Ղազարյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում