Վիկտորինյան կամ փաշինյանական ժողովրդավարության երկերեսանիությունը

Այսօր ընդդիմությունը բազմաթիվ քաղաքացիների ուղեկցությամբ Ֆրանսիայի հրապարակից բողոքի երթ իրականացրեց դեպի Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ՝ իրենց բողոքն արտահայտելու ԵՄ դեսպանին առ այն, որ հունիսի 3-ին Դեմիրճյան-Պռոշյան փողոցում՝ հենց գրասենյակի շենքի առջև, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ էր օգտագործում խաղաղ ցուցարարների նկատմամբ, իսկ ԵՄ դեսպանը մինչ օրս լռում է և այդ գործողությունների վերաբերյալ որևէ դատապարտող հայտարարություն չի արել։

Այսօր ԵՄ գրասենյակի մոտ հասնելուց հետո, ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանն ընթերցեց խորհրդարանական երկու ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարության տեքստը. խորհրդարանական ընդդիմությունն արձանագրում է, որ հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում, խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառվել է ապօրինի և անհամաչափ ուժ և հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, որին ԵՄ դեսպանը որևէ կերպ չի արձագանքել։ Հայտարարության տեքստն ընթերցելուց հետո, ընդդիմադիր պատգամավորներն այն հանձնեցին գրասենյակ՝ դեսպան Անդրեա Վիկտորինին փոխանցելու համար։

168.am-ի աղբյուրի փոխանցմամբ, սակայն, դեռ երեկ երեկոյան ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը տեղեկանալով, որ ընդդիմությունը բողոքի երթ է իրականացնելու դեպի գրասենյակ, աշխատակազմին հանձնարարել է չգնալ աշխատանքի։ Այսինքն՝ այն  պահին, երբ ժողովուրդը դեսպանատան մոտ բողոքում էր, որ Ա. Վիկտորինը  պաշտպանում է ոչ թե ժողովրդավարության շահերը, այլ Նիկոլ Փաշինյանի անձնական շահերը՝  իշխանության մնալու նրա ձգտումները, դեսպանը՝ աշխատակազմով հանդերձ, գրասենյակում չի եղել։ Այդ ժամանակ դեսպանը Դիլիջանում էր, որտեղից դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակվել էին լուսանկարներ։

Հիշեցնենք, որ երբ մայիսի 20-ին Երևանի «Մարիոթ» հյուրանոցում ԵՄ դեսպանի, Հայաստանում ԱՄՆ դեսպանի, Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ական բազմաթիվ պատգամավորների, իշխանամերձ քաղաքական-հասարակական գործիչների մասնակցությամբ տեղի էր ունենում ժողովրդավարության հայկական ֆորումը, իսկ հյուրանոցի մոտ ընդդիմադիր պատգամավորները, բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ փորձելով իրենց բողոքի ձայնը հասցնել դեսպաններին, իսկ նրանց միջոցով՝ նաև նրանց երկրներին, նույն ԵՄ դեսպանը խոսելով այդ իրավիճակի մասին, ասել էր.

«Եթե Դուք հարցնեք ինձ, թե ինչպես եմ ես գնահատում այս իրավիճակը, ինձ համար միշտ և այժմ էլ իմ հիշողության մեջ վառ է 2008 թվականի մարտի 1-ը և այն սարսափը, որի միջով հայաստանյան հասարակությունն անցավ այն բանից հետո, երբ մենք կոչ էինք արել իշխանություններին չցրել հավաքը, և մարտի 1-ին առավոտյան մաքրվեց, ցրվեց հավաքը, և մենք ունեցանք զոհեր: Այս հարցերը դեռևս վերջնական ամփոփված չեն և հստակ արդյունք դեռևս չկա: Իմ տեսանկյունից՝ նաև քաղհասարակությունը․․․, այդ ժամանակ շատ դժվար էր մարդու իրավունքների պաշտպանների համար բարձրաձայնել և խոսել, պաշտպանել խոցելի խմբերի իրավունքները, այն մարդկանց իրավունքները, ովքեր դրա կարիքն ունեին, ովքեր թիրախավորվում էին և ոտնձգությունների էին ենթարկվում, և ամբողջ դատական համակարգը չէր պաշտպանում նրանց»։

Ստացվում է, որ ԵՄ դեսպանը, որը մշտապես խոսում է  ժողովրդավարության սկզբունքների մասին և իր ելույթներում հորդորում դրանք պաշտպանել, որևէ խոսք չի ասում այդ սկզբունքները Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից կոպտորեն խախտելուց, ոստիկանական ուժերի բռնություններից։ Նա լռեց նաև այն ժամանակ, երբ հունիսի 3-ին հենց ԵՄ դեսպանատան մոտ բազմաթիվ քաղաքացիներ տարբեր վնասվածքներ ստացան ոստիկանների, սև բերետավորների կողմից, այդ թվում՝ ոստիկանի կողմից  լուսաձայնային նռնակներ օգտագործելու հետևանքով։

Այսինքն՝ ըստ տիկին դեսպանի՝ ժողովրդավարությունը երկակի ստանդարտներ ունի, իմիտացիա է, և այդ սկզբունքները քաղաքական պահի և շահի թելադրանքով կարող են փոփոխությունների ենթարկվել: Օրինակ՝  քաղաքացին խաղաղ պայմաններում իր բողոքի ձայնը բարձրացնելու ընթացքում կարող է ոստիկանության, կասկածելի սև-կարմիր բերետավորների կողմից ենթարկվել բռնության, վիրավորումներ ստանա, ծեծուջարդի ենթարկվի, իսկ ժողովրդավարության քարոզիչները դրա մասին լռեն՝ առաջնորդվելով ոչինչ չեն տեսել, չեն լսել սկզբունքով։ Հետաքրքիր է, արդյո՞ք Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպանն այս նույն սկզբունքով կառաջնորդվեր, եթե, օրինակ, նույնն իրականացվեր իշխանության որևէ ներկայացուցչի, կամ, ասենք՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Արդյունքում ստացվում է, որ վիկտորինյան այդ «ժողովրդավարությունը» միայն իշխանության և Նիկոլ Փաշինյանի համար է, իսկ ժողովուրդը, եվրոպական իրական արժեքներն ու սկզբունքները դրա հետ որևէ առնչություն չունեն։

Տեսանյութեր

Լրահոս