Նազելի Բաղդասարյանի եղբայրը «տարրական անգրագետ» է անվանում Սուրեն Պապիկյանի եղբորը
Շիրակի ՔՊ-ական մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Գյումրիի ավագանու՝ կրկին ՔՊ-ական անդամ Արման Բաղդասարյանը, երեկ՝ ուշ երեկոյան, կրկին աչքի է ընկել, մեղմ ասած, տարօրինակ վարքագծով՝ հերթական անգամ հրապարակայնորեն կոնֆլիկտի մեջ մտնելով Գյումրու քաղաքապետարանի ղեկավար կազմի հետ:
«Այսօր` 3 ամիս անց, վերջապես ստացա դեռևս մարտ ամսին համայնքապետին ուղղված գրությանս պատասխանը։ Հավանաբար, քանի որ համայնքապետը անձնական խնդիրներով պայմանավորված արձակուրդի մեջ էր` նրա փոխարեն պատասխանել է առաջին տեղակալը, բայց միևնույն է՝ պատասխանը «նույն բարձունքին է»,- իր գրառումն այս սարկաստիկ ոճով է սկսել Գյումրու ավագանու անդամը:
Հաջորդիվ Արման Բաղդասարյանն անդրադարձել է Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալին:
«Ուրեմն, էս մեր առաջին տեղակալը, ինքը լինելով գործող ավագանի, փաստացի կամ չի տիրապետում, կամ միտումնավոր նսեմացնում է ավագանու դերը համայնքի կառավարման մեջ: Չեմ ուզում հավատալ, որ միտում կա, ուստի կենթադրեմ, որ տարրական անգրագիտության հետ գործ ունենք: Համայնքապետի հետ մեկտեղ՝ 10-ից ավելի օգնական ու խորհրդական ունեն, գոնե մեկը հուշեր (Սուլթանյանը հաստատ գիտեր), որ ոտքը քարին է դեմ առնելու)»,- գրել է Նազելի Բաղդասարյանի եղբայրը:
«Все бы ничего», բայց Արման Բաղդասարյանը փաստացի տարրական անգրագետ է համարում ոչ ավել, ոչ պակաս, Նիկոլ Փաշինյանի մերձավորագույն շրջապատի ներկայացուցիչ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր թոռանը՝ Արթուր Պապիկյանին:
Հիշեցնենք, որ 168.am-ը Գյումրու ավագանու ընտրություններից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հաջողվել էր Սամվել Բալասանյանին տառացիորեն շանտաժի ենթարկելով՝ ստանալ Գյումրու համատեղ կառավարումը, գրել էր, որ փոխքաղաքապետերից մեկը կլինի Սուրեն Պապիկյանի եղբայրը՝ Արթուր Պապիկյանը, իսկ մյուսը՝ «Անիտուր» տուրիստական գործակալության հիմնադրի ու սեփականատիրոջ որդին՝ Դավիթ Առուշանյանը, ինչը, իհարկե, իրականություն դարձավ:
Ըստ Նազելի Բաղդասարյանի եղբոր՝ հիմա ունեն «բամբասանքի» ու լատինական սերիալների սիրահար քաղաքային իշխանություն, որն իրեն վերապահել է դատախազության և դատարանի դերը:
«Ընկերներ, լա՞վ չեք։ Ի՞նչ է նշանակում «Համայնքապետարանը ժամանակավորապես կասեցրել է Գյումրու ավագանու որոշման կատարման գործընթացը»,- իր տարակուսանքն էր հայտնել ավագանու անդամը:
Ապա նա մեջբերել էր հակառակը հավաստող օրենքի պահանջը:
«Ես առաջարկում եմ` նույն սկզբունքով Գյումրու համայնքապետարանը՝ իր 3 հրացանակիրների գլխավորությամբ, ժամանակավորապես կասեցնի օրինակ` կառավարության որևէ որոշում, կամ ԱԺ-ում ընդունած որևէ նոր օրենքի կատարման գործընթաց. աաա՜, գալիս է «ամորձիների» խնդիրը, չեք անի, չէ՞։ Սա կարելի է համարել ջրբաժանի կետ, ու այսուհետև համայնքապետարանի հետ խոսվելու է միայն այս լեզվով, էնքան ժամանակ, մինչև քաղաքային իշխանության որոշ ներկայացուցիչներ ազատման դիմում չգրեն։ Ամեն ինչ սահման ունի, նույնիսկ ոչ կոմպետենտությունը»,- եզրափակել է Արման Բաղդասարյանը՝ կից հրապարակելով Գյումրու ավագանու հիշյալ որոշումը փաստող փաստաթուղթը, ինչպես նաև փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանի պատասխանն իր հարցմանը:
Գործընթացի իրավական կողմին չենք անդրադառնում, չենք խոսում կողմերի ճիշտ ու սխալ լինելու մասին:
Արտառոցը հարցի էթիկական ու բարոյական կողմին է վերաբերում, այն հանգամանքին՝ ինչպես են միմյանց վերաբերվում ՔՊ-ի թիմի ներսում:
«Էլ գող փիսո, էլ քաչալ շուն» խոսույթը խիստ բնորոշ է այս քաղաքական թիմին, և եթե սա հրապարակային մասն է, ապա կարելի է պատկերացնել՝ ինչ է կատարվում փակ քննարկումների ժամանակ:
Ի դեպ, Արման Բաղդասարյանը վերջերս աչքի էր ընկել հանրային տիրույթում իր սանձարձակ բառապաշարով, իսկ 1.5 ամիս առաջ էլ դիմում էր գրել ՔՊ-ի անդամությունից հրաժարվելու և Գյումրու ավագանու անդամի մանդատի վերաբերյալ. Իհարկե, ոչ մեկն արեց, ոչ մյուսը:
168.am-ը դեռ այդ ժամանակ էր գրել, որ Արման Բաղդասարյանի դեմարշի թեման ոչ թե Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյա նրա կնոջ հետ կապված խնդիրն էր, այլ քաղաքապետարանի ղեկավարության հետ ունեցած նրա խնդիրները: