«Ողբ ու զավեշտ. ոստիկանությունը տուժում է ոստիկանության կիրառած հատուկ միջոցներից». Արսեն Բաբայան

Հունիսի 3-ին ոստիկանությունը բիրտ ուժ և հատուկ միջոցներ կիրառեց Պռոշյան փողոցում: Իշխանության ներկայացուցիչները նշում են, որ ցուցարարները քարերով հարվածել են ոստիկաններին, որի արդյունքում ոստիկանները ստացել են վնասվածքներ և ստիպված են եղել ուժ կիրառել: Ընդդիմությունն էլ պնդում է, որ եթե անգամ նման բան եղել է, ապա դրանք եղել են իշխանության ուղարկած սադրիչները, քանի որ շարժումն այս ընթացքում ապացուցել է, որ հավաքներն ու երթերը բացառապես խաղաղ են:

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանից հետաքրքրվեցինք՝ ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել, արդյո՞ք հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտություն կար, և ովքե՞ր էին սադրիչները, եթե այդպիսիք կային:

«Եթե եղել են քար նետող քաղաքացիներ, ապա գոնե տեսանյութեր կլինեին: Բազմաթիվ տեսանյութեր կան, թե ինչպես են ոստիկանության առանձին ծառայողներ սադրում, բիրտ ուժ կիրառում, հանցագործություններ կատարում, բայց չկա մեկ տեսանյութ, որ քաղաքացին ոստիկանների ուղղությամբ քար նետի: Շշեր նետելու կադրեր կային, բայց քար նետել, այն էլ այնպես, որ իշխանության քարոզչամեքենան կարողանա պնդել, թե 20 ոստիկան քարերից գլխին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցներ, նման բան չկա»,- ի պատասխան՝ ասաց Արսեն Բաբայանը:

Նա հստակ տեղեկություններ ունի, որ ոստիկանների կողմից կիրառված լուսաձայնային նռնակները եղել են ժամկետանց. «Առնվազն 2017թ. հետո նոր արկեր ձեռք չեն բերվել, իսկ այդ արկերի պիտանելիության ժամկետը 4 տարի է: Մինչև այսօր ոստիկանության կողմից որևէ ապացույց չի ներկայացվել, որ դրանք ժամկետանց չէին: Իսկ այն, որ նրանք թաքցնում են դրանց ժամկետանց լինելը, տեսանյութերից էլ է երևում, երբ ոստիկանության ծառայողը շատ հմտորեն պարկուճները հավաքում է գետնից, որպեսզի տանի՝ թաքցնի: Պետք է առնվազն քրեական գործ հարուցվի այն հիմքով, որ բազմաթիվ քաղաքացիներ և ոստիկանության ծառայողներ ստացել են բեկորային ծանր վնասվածքներ: Ժամկետանց լինելու մասին այսքան խոսում եմ, որովհետև բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ այդ վնասվածքները հենց այդ արկերի ժամկետանց լինելու հետևանքով են»:

Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում էին ցույց տալ, որ իբր հավաքված քաղաքացիները ոչ թե խաղաղ ցուցարարներ են, այլ ագրեսիվ մասսա. «Բայց հետո տեսանյութերը տեսնում ենք և՝ ողբ ու զավեշտ. ոստիկանությունը տուժում է ոստիկանության կիրառած հատուկ միջոցներից»:

Անդրադառնալով Սարյան փողոցում անցկացվող գինու փառատոնին Փաշինյանի մասնակցությանը՝ նա ընդգծեց. «Ալիևն էլ կարող է Երևանում այդքան զորքով տեղաշարժվել: Ի վերջո, մենք քաղաքացիներ ենք, այո, շատ ենք, բայց ո՛չ զենք ունենք, ո՛չ հատուկ միջոցներ: Նիկոլը, իհարկե, կարող է 1000-2000 ոստիկանով տեղաշարժվել ա կետից բ կետը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս