Փողոցային շների ականջներին պիտակներ են դնում, ու մարդիկ մտածում են, որ անվնաս է, բայց դա այդպես չէ. Գրիգոր Գրիգորյան
Անցնող շաբաթվա ընթացքում Երևան քաղաքի բնակիչների շրջանում աղիքային վարակի 93 դեպք է գրանցվել, օդակաթիլային վարակի՝ 598, մանկական վնասվածքների՝ 113 դեպք, մակաբուծային հիվանդությունների՝ 15, քիմիական թունավորումների՝ 10 դեպք: Արձանագրվել է նաև կծվածության 75 դեպք: Տեղեկությունը հայտնել են Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության նիստի ժամանակ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից՝ ներկայացնելուվ մարդկանց կծելու դեպքերը. տեր ունեցող շների կողմից կծելու 30 դեպք է գրանցվել, թափառող շների կողմից դեպքերի թիվը 42-ն է, մյուս 3-ը դեպքով կատուներն են կծել:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ, զոոնոզային հիվանդությունների և անասնաբուժական առողջապահության կազմակերպման միջազգային փորձագետ, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանի փոխանցմամբ՝ կա փողոցային շների, կատուների դեմ պատվաստման խնդիր: Շներին տարին մեկ պետք է պատվաստել կատաղության դեմ:

«Կա փողոցային շների, կատուների դեմ պատվաստման խնդիրը: Ոչ մեկը չի ստուգում՝ պատվաստե՞լ են, թե՞ ոչ: Ականջին պիտակներ են դնում, ու մարդիկ մտածում են, որ եթե ականջին կա փակցված պիտակ, ուրեմն անվնաս է, բայց դա այդպես չէ: Պրակտիկան այսպես է. պատվաստումից 8-9 ամիս հետո ստուգում են՝ կատաղության դեմ հակամարմինները կա՞ն, թե՞ ոչ: Շներին տարին մեկ պետք է պատվաստել կատաղության դեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Գրիգոր Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե ինչ շուն է կծել, պետք է անպայման գնալ և ստանալ իմունոգլոբուլինային բուժում՝ կատաղության դեմ:
«Որովհետև, եթե շունը կատաղած եղավ՝ 24 ժամվա մեջ, եթե գոնե առաջին դոզան չստացար՝ 99 տոկոսով մահացության է բերելու: Ի դեպ, նկատել եմ, որ փողոցային շները հարձակվում են նաև այն շների վրա, որոնք տիրոջ հետ են, և եթե շտապ միջոցներ չձեռնարկեն ու փողոցները չմաքրեն թափառող շներից, նրանք անվերահսկելի կդառնան: Զոնաներ ունեն, բայց փոխում են, ու մինչև գտնենք՝ կարող է ողբերգական դեպքեր լինեն: Լիազոր մարմինը պետք է այս պրոցեսը ղեկավարեր, բայց մատը մատին չի տալիս: Շների պոպուլյացիան կառավարել է պետք, որովհետև, եթե շները շատանան՝ կատուները կքչանան, կատուները շատանան՝ առնետները կքչանան»,- հավելեց մեր զրուցակիցը:



