Շաբաթներ անց կարթնանանք ու կհասկանանք՝ այլևս չենք կարողանում «Ղարաբաղ Տելեկոմի» ծառայություններից օգտվել

168.am-ի տեղեկություններով՝ շուտով Արցախում բջջային կապ ապահովող «Ղարաբաղ-Տելեկոմ» բջջային ցանցի օպերատորը կդադարեցնի ծառայությունների մատուցումը:

Արցախյան մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ մի օր կարթնանանք ու կհասկանանք, որ այլևս չենք կարողանում «Ղարաբաղ Տելեկոմի» ծառայություններից օգտվել:

«Ավելի ստույգ՝ հուլիսի 1-ից: Այս պահին նախապատրաստական աշխատանքներն են իրականացնում»,- ասացին մեզ:

Թե ի՞նչ է լինելու հազարավոր բաժանորդների հետ, ո՞ւմ ցուցումով կամ պահանջով չի գործելու բջջային օպերատորը, այս պահին այնքան էլ պարզ չէ:

Մեր տեղեկություններով՝ այս թեմայի մեջ քիչ չէ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դերակատարությունը:

168.am-ը դեռևս 2020թ. դեկտեմբերի 3-ին գրել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային օրակարգի շրջանակում ընդունել էր «Beeline» բրենդի ներքո գործող «Տելեկոմ Արմենիա» ընկերության տնօրեններ Հայկ և Ալեքսանդր Եսայանների գլխավորած պատվիրակությանը:

Հիշեցնենք՝ եղբայրները ներկայումս «Team» վերանվանված «Beeline» բրենդի սեփականատերերն են:

Դեռ 2020թ. դեկտեմբերին էինք տարակուսել՝ արդյոք Եսայանները Արցախ որպես այլընտրանքային օպերատո՞ր են ցանկանում մտնել, թե՞ այնուամենայնիվ վերջնական նպատակը «Ղարաբաղ-Տելեկոմը» ստանալն է, որովհետև գաղտնիք չէ, որ կապի և հեռահաղորդակցության ոլորտը ռազմավարական նշանակություն ունի, այն էլ՝ պատերազմական վիճակում գտնվող և աշխարհաքաղաքական կենտրոնների համար կարևոր նշանակություն ունեցող այնպիսի տարածքում, ինչպիսին Արցախն է։

Սակայն անհասկանալի էր, թե ինչո՞ւ են Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները մեկը մյուսի հետևից լոբբինգ անում Եսայան եղբայրների ընկերությունը: Ավելին, մեզ հայտնի էր դարձել նաև, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այդ հրահանգը ստացել էր Հայաստանի իշխանություններից՝ Նիկոլ Փաշինյանից և Տիգրան Ավինյանից։

Մեր այդ հրապարակումից հետո՝ դեկտեմբերի 4-5-ի շրջանում, «Ղարաբաղ-Տելեկոմը» հանձնվել էր Եսայան եղբայրների կառավարմանը, ովքեր միաժամանակ նաև «Beeline» բրենդը ձեռք բերած ու «Վեոն Արմենիա» ընկերության մեջ միավորած գործարարներն են:

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 27-ին՝ պատերազմական գործողությունների թեժ շրջանում, 168.am-ը գրել էր այն մասին, որ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ «Ղարաբաղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության այս ընդունում-հանձնումից հետո հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում ընկերությունում: Մասնավորապես, այդ օրերին ընկերության ցանցը ենթարկվում էր հաքերային DDOS հարձակման, և մինչ մասնագետները փորձում էին կարգավորել ընկերության աշխատանքը, Արցախում են հայտնվում հեռահաղորդակցության ոլորտում նորաստեղծ, բայց մեծ քայլերով առաջ գնացող «Թիմ» ՍՊԸ-ի հիմնադիրներ Ալեքսանդր և Հայկ Եսայանները:

Ավելի վաղ Եսայանները ներքին կարգով հանձնարարել էին աշխատակազմին, որ փակեն Հայաստանում «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի և «Յուքոմի» ցանցում ռոումինգի հասանելիությունը:

Այսինքն՝ եթե արցախցին գալիս է Հայաստան, կարող է միանալ միայն «Բիլայնի» ցանցի ռոումինգին, իսկ դա նշանակում է, որ տվյալ բաժանորդը, եթե չի օգտագործում «Բիլայնի» կապ, ստիպված է ձեռք բերել այն: Դե, իսկ քանի որ արդեն գիտենք, որ «Բիլայնը» պատկանում է Եսայան եղբայրներին, այս առումով հարցեր, կարծում ենք, չեն առաջանում:

2021թ. հունվարի 5-ի՝ այս թեմայով մեր հերթական հրապարակման մեջ գրել էինք՝ մնում է միայն հասկանալ՝ շուկայում մոնոպոլ դիրք Եսայաններին տալով՝ Փաշինյանի և արդեն նախկին փոխվարչապետ Ավինյանի հետ միասին, ի՞նչ շահագրգռություն է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով դեռ պատերազմը նոր սկսած՝ ամենակարևոր գործը համարեց «Ղարաբաղ-Տելեկոմը» պետության կառավարմանը հանձնելը, իսկ մենք դեռ այն ժամանակ էինք գրել այս գործընթացի հեռահար նպատակի մասին, որը, փաստորեն, ոչ մի կապ չուներ ոչ պատերազմի, ոչ էլ հայրենասիրության կամ անվտանգության հետ: Իսկ կապի և հեռահաղորդակցության ոլորտը ոչ միայն բիզնես շահեր է սպասարկում, այլև քաղաքական, անվտանգային։ Իսկ նման շահեր այստեղ կարող են ունենալ նաև արտաքին «խաղացողները»:

Արցախյան մեր աղբյուրները դեռ այն ժամանակ պնդում էին՝ «Ղարաբաղ Տելեկոմին» շուկայից հանելու ու Եսայան եղբայրներին Արցախի բջջային կապը հանձնելու Արայիկ Հարությունյանի հանձնառությունը պատահական չէր. վերջինս բիզնես շահեր ունի Եսայանների հետ, իսկ սա արդեն բացատրում է սպասվող գործընթացների տրամաբանությունը:

Հիշեցնենք կրկին, որ Եսայան եղբայրներն իրենց անխոչընդոտ բիզնես գործունեությունը ծավալում են նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի բարձր հովանու ներքո, ով, տևական ժամանակ է՝ ինքնագովազդով է զբաղված և մեծ ջանքեր է գործադրում Երևանի քաղաքապետ դառնալու համար:

Տեսանյութեր

Լրահոս