Բաժիններ՝

Տնտեսվարողների զգալի մասը շրջանառության հարկով է աշխատում, ու երբ ՀԴՄ է տրվում, վրան միայն գրված է շրջանառության հարկ, չի նշվում, թե ինչ ապրանք է. Տնտեսագետ

«Մենք ասում ենք, որ արգելվում է 300 հազար դրամից ավելի գործարքի դեպքում այն իրականացնել կանխիկ, բայց օրինակ, սուպերմարկետում կարելի է մեկ ժամվա մեջ նույն մարդը 10 անգամ 300 հազար դրամանոց գործարք անի,- հունիսի 2-ին կառավարության նիստում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա շարունակել,- Իհարկե, հասկանում ենք, որ այստեղ որոշակի տեխնիկական հարցեր կան, որ պետք է կարգավորենք, բայց պետք է գնանք այս ուղղությամբ»:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանից փորձեցինք պարզել, թե որո՞նք են այս որոշման առավելություններն ու թերությունները: Մեր հարցին այսպես պատասխանեց տնտեսագետը.

«Օրինակ, եթե մարդն ուզում է գնել 500.000 դրամի հեռուտացույց, այդ դեպքում քարտով պետք է առևտուր անի: Սակայն մեր տնտեսվարողների զգալի մասը շրջանառության հարկով է աշխատում, ու երբ ՀԴՄ է տրվում, վրան միայն գրված է՝ շրջանառության հարկ, չի նշվում, թե ինչ ապրանք է: Այդ 500.000 դրամանոց հեռուստացույցի դեպքում շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը երկու անգամ 250.000 դրամ կխփի: Կամ, օրինակ, տուր փաթեթ է. արժե 700.000 դրամ է, 3 անգամ կխփի, 2 անգամ 250.000 դրամ, մեկ հատ 200.000 դրամ: Այսինքն, հարկային մարմնում չի երևում, թե ինչ գործարք է տեղի ունեցել: Միայն գործարքը երևում է խոշոր բիզնեսի դեպքում: Վերցնենք էլեկտրոնիկայի որևէ խոշոր խանութ, այնտեղ գրվում է ապրանքի անվանումը, ԱԱՀ-ն, այս դեպքում հարկային մարմնում նոր երևում է»:

Սուրեն Պարսյանն ընդգծեց՝ խոշոր խանութներում դրված են նաև տերմինալներ, կարող են քարտի վրա գումարը գցել և առևտուրն անել:

Ինչ վերաբերում է քարտ բացելուն, այստեղ, տնտեսագետի խոսքով, խնդիրներ են առաջանում:

«Բանկային քարտ բացելիս որոշ բանկեր գումար են պահանջում, սա կարող է լրացուցիչ ծախս առաջացնել: Որպեսզի այս խնդիրները չառաջանան՝ բանկերը, կառավարությունը պետք է մարդկանց իրազեկեն, որ, օրինակ, կարող են անվճար հաշիվ բացել և այլն: Օրինակ, ես կարողանում եմ մի շարք բանկերում անվճար քարտ հանել, իսկ եթե հասնեմ բանկ ու այնտեղ կատարեմ այս ամենը, ինձանից գումար են վերցնելու՝ հաշիվ բացելու և քարտ հանելու համար»,- եզրափակեց Սուրեն Պարսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս