Թուրքիայում ծխող կանանց թիվն աճել է, տղամարդկանցը՝ նվազել
Ամեն տարի մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը, որն ԱՀԿ-ն սահմանել է 1987 թվականին՝ հանրության ուշադրությունը ծխախոտի մահացու հետևանքների վրա հրավիրելու համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ուսումնասիրություն է կատարել, թե որ երկրներն են ամենից շատ ծխախոտ սպառում: Պարզվել է, որ Թուրքիայում բնակչության 30,7 %-ն է ծխախոտ սպառում:
Հետազոտությունը ներկայացնում է 2020թ․ դրությամբ 15 տարեկան և բարձր տարիքի անձանց կողմից ծխախոտի սպառման տվյալները:
Ըստ այդ ուսումնասիրության` Թուրքիայում ծխախոտ օգտագործում են տղամարդկանց 42․1%-ը, իսկ կանանց` 19․2%-ը: Այդպիսով Թուրքիայում ընդհանուր առմամբ ծխախոտ է սպառում բնակչության 26%-ը:
Զեկույցը ցույց է տալիս, թե ինչպես է երկրներում 2000 թվականներից ի վեր տղամարդկանց և կանանց միջև փոխվել ծխախոտի օգտագործման ցուցանիշը։ Ըստ այդմ, Թուրքիայում ծխախոտ սպառող տղամարդկանց ցուցանիշը նվազել է, փոխարենը աճել է կանանց թիվը։
Իսկ «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» երկրների շարքում Թուրքիան ամենից շատ ծխախոտ սպառող երկիր է ճանաչվել (28%)։ Թուրքիայից հետո ցանկում երկրորդը Ինդոնեզիան է՝ 27․6%, որին էլ հետևում է Ռուսաստանը՝ 25․8%: