Ինչո՞ւ է Արցախի նախագահը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանն ընդունել Գորիսում
Մայիսի 27-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ընդունել էր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը:
Երեկ էլ մամուլը գրել էր, որ Կառավարության նիստից հետո Արայիկ Հարությունյանը Կառավարության շենքում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։
Սակայն դրա վերաբերյալ որևէ պաշտոնական հաղորդագրություն չեղավ։
168.am-ը Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Արցախի նախագահը Փարիզի քաղաքապետի հետ հանդիպել Գորիսում և արդյո՞ք հունիսի 2-ին ՀՀ կառավարության շենքում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի հանդիպումը, եթե այո, ապա ի՞նչ հարցեր են քննարկվել։
Բոլոր հարցերը Լուսինե Ավանեսյանը թողեց առանց մեկնաբանության. «Այդ հարցերը կթողնեմ առանց մեկնաբանության»։
Ի դեպ, Արցախի Հանրապետության նախագահի հետ Անն Իդալգոյի հանդիպումը առաջացրել էր ադրբեջանական կողմի վրդովմունքը, և Ադրբեջանի իշխանությունները երկրի արտգործնախարարություն էին կանչել Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` դեսպանին ասվել է, որ այդ քայլը հակասում է Ֆրանսիայի օրենսդրությանը և երկրի միջազգային պարտավորություններին, ինչպես նաև վնասում է Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերություններին։
Նշենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Հայաստանում գտնվող Ֆրանսիայի քաղաքապետի հետ պետք է հանդիպեր նաև Նիկոլ Փաշինյանը, սակայն այդ հանդիպումը չեղարկվել էր։
168.am-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը հայտնել էր, մայիսի 28-ին, ժամը 18:00-ին նախատեսված է եղել Փարիզի քաղաքապետի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո 18:30-ին պաշտոնական ընթրիք պետք է լիներ, որը, սակայն, վերջին պահին չեղարկվել է:
«Կա՛մ Ադրբեջանի ճնշման տակ Փաշինյանը մերժեց ընդունել Փարիզի քաղաքապետին, որպեսզի Ալիևը չնեղվի, կա՛մ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ազդեցությամբ դա եղավ, որովհետև երբ Սինանյանը հունվարին Ֆրանսիա էր եկել, Փարիզի քաղաքապետն իրեն ժամադրություն չտվավ: Իսկ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստան էր եկել՝ հայտնելու իր զորակցությունը ՀՀ-ին և Արցախին: Այսինքն, որևէ խնդիր Փարիզի քաղաքապետը չստեղծեց, այլ ինքը՝ Փաշինյանը, ստեղծեց: Իհարկե, սա չի կարող ազդել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների վրա»,- ասել էր Մուրադ Փափազյանը: