Ինչո՞ւ է չեղարկվել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Փարիզի քաղաքապետի հետ. ում է փորձել չնեղացնել

Մայիսի 26-ին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Այցի շրջանակում մայիսի 28-ին Երևանում նրան ընդունել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, իսկ մայիսի 27-ին Գորիսում՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հայաստանյան իր այցի ընթացքում Փարիզի քաղաքապետն այցելել էր նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Եռաբլուր, ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակին:

Արցախի Հանրապետության նախագահի հետ Անն Իդալգոյի հանդիպումը առաջացրել էր ադրբեջանական կողմի վրդովմունքը, և Ադրբեջանի իշխանությունները երկրի արտգործնախարարություն էին կանչել Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` դեսպանին ասվել է, որ այդ քայլը հակասում է Ֆրանսիայի օրենսդրությանը և երկրի միջազգային պարտավորություններին, ինչպես նաև վնասում է Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերություններին։

168.am-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը հայտնեց, որ շաբաթ օրը՝ մայիսի 28-ին, ժամը 18:00-ին նախատեսված էր Փարիզի քաղաքապետի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո 18:30-ին պաշտոնական ընթրիք պետք է լիներ, որը, սակայն, վերջին պահին չեղարկվել է:

«Այն տեղի պիտի ունենար Սևանում»,- շեշտեց Փափազյանը:

Ըստ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահի, այս հանդիպման չեղարկումը մի քանի պատճառ կարող է ունենալ:

«Կա՛մ Ադրբեջանի ճնշման տակ Փաշինյանը մերժեց ընդունել Փարիզի քաղաքապետին, որպեսզի Ալիևը չնեղվի, կա՛մ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ազդեցությամբ դա եղավ, որովհետև երբ Սինանյանը հունվարին Ֆրանսիա էր եկել, Փարիզի քաղաքապետն իրեն ժամադրություն չտվավ: Իսկ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստան էր եկել՝ հայտնելու իր զորակցությունը ՀՀ-ին և Արցախին: Այսինքն, որևէ խնդիր Փարիզի քաղաքապետը չստեղծեց, այլ ինքը՝ Փաշինյանը, ստեղծեց: Իհարկե, սա չի կարող ազդել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների վրա»,- ասաց Մուրադ Փափազյանը:

Նշենք, որ Մուրադ Փափազյանն այն ժամանակ հանձնակատարի այցը վտանգավոր էր որակել՝ նշելով, որ այն Սփյուռքը պառակտելու նպատակ ուներ:

Հիշեցնենք նաև, որ 2021-ի հոկտեմբերին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Twitter–ի իր էջում հրապարակել է ֆրանսիացի հայտնի փիլիսոփա, գրող Բեռնար-Անրի Լևիի՝ Le Point-ում հրապարակված հոդվածը, որը կրում է «Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» խորագիրը։

«Լիովին համաձայն եմ` Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր Իդալգոն։

Իսկ Մուրադ Փափազյանը, անդրադառնալով ֆրանսահայերի տրամադրություններին՝ ՀՀ-ում ընդդիմության սկսած պայքարի շուրջ, նշեց.

«Ոմանք հականիկոլ են, ոմանք՝ պրոնիկոլ: Բայց չեն ընդունում Փաշինյանի հայտարարությունները, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Չեն ընդունում Թուրքիայի հետ հարաբերությունների այս տեսակ կարգավորումը: Չեն ընդունում, որ ՀՀ իշխանությունները շարունակում են իրենց սխալ քաղաքականությունը՝ փորձելով տապալել Սփյուռքը»,- եզրափակեց Փափազյանը:

Ի դեպ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի մյուս համանախագահ (CCAF), «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանը, մեղմ ասած, կտրուկ չէ Փաշինյանի և նրա թիմի հանդեպ, չի հրաժարվում Փաշինյանի հետ հանդիպումներից: Անցած տարի «Հրապարակի» հետ զրույցում Թորանյանը բացահայտ ասել էր, որ ինքը և ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը տարբեր կարծիքներ ունեն Փաշինյանի և Հայաստանում իրավիճակի վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս