«Իջիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը». մարտավարություն՝ ըստ ոստիկանության և Քննչական կոմիտեի
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել, նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
Այս մասին մայիսի 31-ին 168.am–ին տեղեկացրել էին ՀՀ ոստիկանությունից:
Նույն պատասխանը ստացանք նաև այսօր:
Խոսքը վերաբերում է մայիսի 18-ին Կոմիտասի պողոտայում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացուն չարամտորեն վրաերթի ենթարկած վարորդի վերաբերյալ քրեական գործ հարուցելու մեր հարցին:
Հիշեցնենք՝ մայիսի 18-ին, անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկին Կոմիտասի պողոտայում չարամտորեն վթարի էր ենթարկել մի ավտոմեքենա՝ իր դիմաց փողոցը փակելու համար:
Մայիսի 20-ին վարորդի ինքնությունը ճշտվել էր. վերջինս բացատրություն էր տվել ու ազատ արձակվել, և արդեն երկու շաբաթ հասարակությանը «կերակրում են» նյութերի նախապատրաստության վերաբերյալ «լոլոներով»:
Հաջորդիվ ոստիկանությանն առաջարկում ենք ավելի կրեատիվ լինել, ասել, որ հիմա էլ սպասում են Կոմիտաս-Վաղարշյան հատվածի ասֆալտի որակի, փողոցը փակած ցուցարարի հագուստի կտորի, վրաերթի ենթարկած վարորդի նյարդահոգեբանական վիճակի, մեքենայի անիվների ռետինի որակի, արևի կամ անձրևի հնարավոր ազդեցության, աստղերի դիրքի, կողքի մեքենայի գույնի ու այլ հնարավոր ու անհնարին գործոնների վերաբերյալ փորձաքննությունների արդյունքներին, մինչև մի օր կհոգնենք հետաքրքրվել այս գործով, ու այն հանգիստ կփակեն, կգնա:
Բայց այդ ընթացքում Քննչական կոմիտեին էլ խորհուրդ ենք տալիս ամեն օր որևէ ակցիայի մասնակցի ձերբակալության կամ կալանավորման վերաբերյալ հաղորդագրություններ տալիս ընդլայնվել, և, օրինակ, մարդկանց կալանավորել ոչ թե շիշ շպրտելու կամ «Մազդայի» անիվի կողքով անցնելու համար, այլ, օրինակ, ցուցարարի արագ վազելու արդյունքում քամու արագության փոփոխության, տարածքում փոշի բարձրանալու, ձայնի ամպլիտուդի, ոստիկանին թարս նայելու, կառավարության մասնաշենքերը չշրջանցելու, տարածքի ցայտաղբյուրներից օգտվելու ու բազում այլ «ծանրագույն» հանցանքներ կատարելու համար:
Ոստիկանությունից փորձեցինք ճշտել նաև ստորև բերված տեսանյութի «հերոսի» գործողությունների վերաբերյալ ոստիկանության դիրքորոշումը:
Տեսանյութում հստակ երևում է՝ ինչպես է ոստիկանը մայիսի 30-ին, Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, անթույլատրելի հնարքով, անմարդկային դաժանությամբ ցուցարարին տապալում ասֆալտին կամ բետոնին:
«Ոստիկանության այդ օրվա գործողություններով՝ նշանակվել է 2 ծառայողական քննություն և 7 ուսումնասիրություն»,- ասացին Ոստիկանությունից՝ առանց հստակեցնելու կոնկրետ տեսանյութի վերաբերյալ մեր հարցման պատասխանը:
Դե, իսկ դատախազությունն առնվազն իր լուռ համաձայնությունն է տալիս ոստիկանության ու Քննչական կոմիտեի գործողություններին: