«Մենք ոչ թե պաշտոն ենք ուզում, այլ հայրենիք, որտեղ մեր երեխայի ճակատագիրը չի լուծի բախտախնդիր մեկը». Րաֆֆի Ասլանյան

Քրեական գործի նախաքննության այսօրյա ընթացքից տուժող կողմը, իհարկե, դժգոհ է: Այս մասին այսօր 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Պարոնյան-Լեո հատվածում Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական գումարտակի հրամանատար Արամ Նավասարդյանի կողմից վթարի ենթարկվելու արդյունքում մահացած Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

Նրա խոսքով՝ այն, որ դատարանի որոշման արդյունքում Արամ Նավասարդյանը չկալանավորվեց, պայմանավորված է վարույթն իրականացնող մարմնի կողմից նախաքննության ընթացքում թույլ տրված թերություններով, դատախազության արձագանքն օբյեկտիվորեն ժամանակավրեպ էր:

«Ներկայումս կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ քննիչի միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանի որոշումը Վերաքննիչ քրեական դատարանում դատական ստուգման փուլում է գտնվում, քանի որ հսկող դատախազի կողմից նշված որոշման դեմ բողոք է ներկայացվել»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը՝ հավելելով, որ Սոնա Մնացականյանի հայրը դիմել է կալանքի նիստին ներկա գտնվելու հարցով, քանի որ դատավորին բացատրություններ ներկայացնելու ցանկություն ունի, այդ թվում՝ խափանման միջոցի հիմքերի վերաբերյալ:

Վերջինիս խոսքով՝ իրենք միջնորդել են հարցաքննել դեպքի վայրում եղած մարդկանց, և այդ անհրաժեշտությունը կապել են այն հանգամանքի հետ, որ ներպետական օրենսդրությունն ու ենթաօրենսդրական ակտերը հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներին երթևեկության առավելություն են տալիս միայն հատուկ ազդանշանների ու փարոսիկների միաժամանակ միացված լինելու դեպքում:

«Եթե տեսագրությամբ փարոսիկները տեսանելի են, ազդանշանի մասին տեսագրությամբ հնարավոր չէ որևէ պատկերացում կազմել, և ազդանշանի մասին դատողություններ անել միայն շահագրգիռ անձանց, այդ թվում՝ ոստիկանների ցուցմունքով, կարծում եմ, ճիշտ չէ: Պետք է հարցաքննել նաև շրջապատի, նշված վայրում բնակվող, գործունեություն ծավալող անձանց: Սոնա Մնացականյանի հոր ասելիքը սա է. այդ անձինք այս պահին լռում են, իսկ այդ լռությունը նա առաջին հերթին կապում է մեղադրյալի՝ ազատության մեջ գտնվելու հետ»,- ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Ըստ նրա՝ քրեական գործի նախաքննության արդյունքներով առավել քան հիմնավորված է, որ Սոնա Մնացականյանը իր համար հետիոտնային կանաչ լույսի առկայության պայմաններում մուտք է գործել հետիոտնային անցում, և տվյալ հետիոտնային անցումը հատելու իրավունք է ունեցել:

«Սոնայի գործողություններում որևէ խախտում չկա… Քրեական գործում չկա այնպիսի տվյալ, որ կարգավորողը որևէ կերպ արգելել է Սոնա Մնացականյանին իր համար թույլատրելի հետիոտնային անցումով անցնել, և Սոնան չի ենթարկվել: Տեսագրությամբ երևում է, որ Սոնան շփոթվում է, ու նա չի էլ նկատել մեքենան, և եթե նկատած լիներ, կմնար անվտանգության կղզյակում»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Անդրադառնալով ընդդիմադիրների խաղաղ անհնազանդության ակցիաները ոստիկանության կողմից, վերջին օրերին աննախադեպ բռնություն կիրառելով, ցրելու փորձերին ու ցուցարարների նկատմամբ իրենց լիազորությունների վերազանցմամբ առանձնակի դաժանություն ցուցաբերելուն գնահատական չտալուն, Րաֆֆի Ասլանյանն ասաց՝ համացանցում եղած բազմաթիվ նյութերի պարզ դիտարկմամբ ակնհայտ է, որ շատ ոստիկանների գործողություններում առկա են ակնհայտ հանցակազմի հատկանիշներ:

«Եվ երբ տեսնում եմ, որ ոստիկանների արարքներին առհասարակ գնահատական չի տրվում, և մյուս կողմից՝ ձերբակալվում, կալանավորվում են քաղաքական ընդդիմության շարքերում գտնվող անձինք, իհարկե, ինձ համար ակնհայտ է, որ ոստիկանությունն ունի որոշակի հանձնարարություն և գործում է իրեն պատվիրված հանձնարարականի շրջանակներում: Հետևաբար՝ եթե որևէ ոստիկանի փորձեն ձերբակալել կամ կալանավորել, մյուս ոստիկանները ձեռնպահ են մնալու իրենց տրված հանձնարարականները կատարելուց»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Րաֆֆի Ասլանյանը խոսեց նաև իշխանական շրջանակների կողմից տարածվող այն պնդումների մասին, թե նախկին պաշտոնյաներն աջակցում են ընդդիմությանը, որովհետև ցանկանում են վերադառնալ իրենց պաշտոններին կամ նոր պաշտոններ զբաղեցնել:

«Ինձ բոլոր մտերիմ մարդիկ և իմ հարազատները գիտեն, որ ես պաշտոնից դուրս գալու, պետական ծառայությունը լքելու՝ իմ որոշումը կայացրել եմ մեկ անգամ և վերջնական: Այսինքն՝ այլևս պետական ծառայության վերադառնալու նպատակ և ցանկություն չունեմ… Ինչ վերաբերում է այդպիսի տեղեկություն շրջանառողներին, դրանք, որպես կանոն, իշխանության սպասարկուներն են, ներկայիս պաշտոնյաները, ովքեր, ինչպես ընդունված է ասել, մինչև 2018թ. տարբեր փաբերում «նիսյա» գարեջուր խմողներն էին, իսկ այսօր դարձել են դոլարային միլիոնատերեր»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Ըստ նրա՝ այդ մարդկանց համար պաշտոնը կարևորագույն նշանակություն ունի, որովհետև պաշտոնի արդյունքում դարձել են Երևանի Կենտրոնի բնակիչ, տենդերների արքաներ:

«Բազմաթիվ են այնպիսի նախկին պաշտոնատար անձինք, ովքեր այս իշխանության հետ համաձայն չեն առաջին հերթին՝ վերջին պատերազմի արդյունքները հաշվի առնելով, և սա պայմանավորված չէ որոշակի պաշտոն ակնկալելով: Մենք ոչ թե պաշտոն ենք ուզում, այլ հայրենիք, հայրենիք, որտեղ մեր երեխայի ճակատագիրը չի լուծի բախտախնդիր մեկը, ով նույնիսկ ի վիճակի չէ դասեր քաղել ոչ հեռավոր անցյալի պատմությունից»,- եզրափակեց Րաֆֆի Ասլանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս