
Նման տեղեկություններ չեմ լսել. վերջին 4-5 օրերի ընթացքում թշնամին չի կրակել. Ներքին Հանդի գյուղապետ

Երեկ «Sputnik Արմենիա» կայքը գրել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում։
168.am-ի հետ զրույցում Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ նման խոսակցություններ չի լսել, բնակչության շրջանում էլ նման տեղեկություններ չկան։
«Ինքս նման տեղեկություններ չեմ լսել։ Վերջին 4-5 օրերի ընթացքում թշնամին իրեն հանգիստ է պահում, կրակոցներ չկան։ Մայիսի 28-ին կրակոցների հետևանքով, երբ ունեցանք վիրավոր, դրանից հետո իրեն հանգիստ է պահում։ Վիրավոր զինծառայողին տեղափոխել էին հիվանդանոց, բայց, ցավոք, նրա կյանքը չհաջողվեց փրկել, այդ կրակոցները մեր դիրքային հատվածում էր եղել»,- նշեց Խաչատուր Բաղդասարյանը։
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ բնակչության շրջանում խուճապ չկա, բոլորն էլ մարտական են տրամադրված։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ նաև դիպուկահար հրացաններից, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Զինծառայողի վիճակը գնահատվում էր ծանր: Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել էր:
Այնուհետև Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի կյանքը փրկել չէր հաջողվել:
Հիշեցնենք նաև, որ մարտի սկզբներին Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ թշնամին առաջ էր եկել և դիրքավորվել՝ գյուղից 1,5-2 կմ հեռավորության վրա։ Այս ժամանակ ՊՆ-ն թշնամու առաջախաղացումը հերքել էր, սակայն երկու ամիս անց հաստատել, որ թշնամին այդ ուղղությամբ առաջ է եկել։
Նշենք, որ Ներքին Հանդի գյուղապետի հետ զրույցից հետո, Պաշտպանության նախարարությունը պարզաբանում տարածեց՝ նշելով, որ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե «ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում», չի համապատասխանում իրականությանը։