
ՄԷԳ-ը Եվրոպային զգուշացրել է ամռանը բենզինի և դիզվառելիքի պակասի վտանգի մասին

Առաջիկա ամռանը Եվրոպայում կարող է բենզինի և դիզվառելիքի պակաս լինել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Միջազգային էներգետիկ գործակալությունից (IEA) Ֆաթիհ Բիրոլի հայտարարությանը:
«Երբ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում սկսվի արձակուրդների պիկ սեզոնը, վառելիքի պահանջարկը կաճի, այնուհետև կարող է լինել, օրինակ, դիզվառելիքի, բենզինի կամ կերոսինի պակաս, հատկապես Եվրոպայում: Եվրոպան կախված է ոչ միայն արտասահմանից հում նավթի մատակարարումից, այլև նավթամթերքի ներմուծումից»,- ասել է նա։
Նա հիշեցրել է ՄԷԳ-ի մշակած 10 կետանոց պլանը, որը կարճաժամկետ հեռանկարում կնվազեցնի նավթի սպառումը։ Խոսքը, մասնավորապես, խոշոր քաղաքներում կիրակի օրերին ավտոմեքենաների երթևեկության արգելքի, հասարակական տրանսպորտում ուղեվարձի իջեցման և մայրուղիներում արագության սահմանափակման մասին է։
Բիրոլը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում ՄԷԳ-ի անդամ երկրները պատրաստ կլինեն շուկա դուրս բերել ռազմավարական պաշարներից (SPR) էլ ավելի շատ նավթ, սակայն դրա մասին որոշումը պետք է կայացնեն գործակալության անդամ պետությունների կառավարությունները։