ՌԴ-ի դեմ պատժամիջոցների գործողությունը վերաբերում է ընկերությունների ավելի քան 86 տոկոսին
Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները վերաբերում են ընկերությունների ավելի քան 86 տոկոսին. այս տվյալները բերվում են «Բիզնեսի ներկա վիճակի մոնիթորինգի» արդյունքներում, որը ներկայացվել է ՌԴ նախագահին առընթեր ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության լիազոր Բորիս Տիտովի աշխատակազմի կողմից։
«Հարցմանը մասնակցած ձեռնարկությունների 86,8 տոկոսը ենթակա է պատժամիջոցների գործողությանը, 77,4 տոկոսը, նրանց խոսքով, ադապտացվել է պատժամիջոցներին կամ հույս ունի դա անել, իսկ ահա 11,7 տոկոսը դա չի կարողացել անել, եւ բիզնեսը դադարեցնում է լիովին կամ մասնակիորեն»,-ասվում է զեկույցում:
Հարցմանը մասնակցել են ՌԴ-ի 85 տարածաշրջանների 6003 ընկերությունների ղեկավարներ եւ սեփականատերեր:
Մոնիթորինգի տվյալների համաձայն, հարցվածների ճնշող մեծամանության (67,1 տոկոս) համար զգալի են տնտեսական անկման արդյունքները: Նրանց 29,4 տոկոսը հայտնել է հասույթի նվազման մասին, դրա հետ մեկտեղ նշելով, որ իրադրությունը մնում է հսկողության ներքո: Ձեռնարկատերերի եւս 24,9 տոկոսն իր վիճակը բնութագրել է որպես լուրջ անկում, իսկ 7,1 տոկոսը՝ որպես ճգնաժամ: Եվս 5,7 տոոկսը հայտարարել է, որ փակել է իր բիզնեսը կամ մտադիր է դա անել առաջիկայում: Եվ միայն մասնակիցների 10,4 տոկոսն է պատասխանել, որ իրենց բիզնեսն առաջվա պես կայուն է եւ շարունակում է աճել:
«Ամենանշանակալից խնդիրը պահանջարկի անկումն է (պատասխանների 62,2 տոկոս), դրան հաջորդում են շրջանառու միջոցների դեֆիցիտը, մատակարարումների շղթայի խափանումը եւ ներմուծման դժվարությունները»,-նշում են հարցմանը մասնակցած բիզնեսի ներկայացուցիչները:
Դրա հետ մեկտեղ հարցվածների կեսից ավելին կառավարության գործողությունները ոչ բավարար է համարում պատժամիջոցների ճնշման պայմաններում, շուրջ 35 տոկոսը դրանք որակում է որպես «հանգիստ եւ արդյունավետ»:
Ընդ որում՝ ձեռնարկատերերի կեսից ավելին հայտարարել է, որ ներկայում «անհրաժեշտ է հրաժարվել կոսմետիկ փոփոխություններից եւ արմատապես փոխել խաղի կանոնները. հարկավոր է նոր տնտեսական մոդել, որտեղ հարմար, շահավետ եւ անվտանգ կլինի աշխատելը»:
«Ճգնաժամը մեզ հետ է, եւ այն զարգանում է: Մոնիթորինգը միանշանակ ցույց է տալիս, որ բիզնեսի մեծ մասը կառավարության ներկա արձագանքը փոփոխություններին ընդունում է որպես ոչ բավարար: Խնդիրները հաղթահարել կարելի է միայն արմատական բարեփոխումների ճանապարհով, զարգացման բուն մոդելի փոփոխմամբ»,-ամփոփել է Տիտովը, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը: