Դատախազությունը քննում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները. Գլխադասային հանձնաժողովում ներկայացվեց դատախազի տարեկան հաղորդումը
Այսօր Ազգային ժողովի (ԱԺ) պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում պաշտոնավարման այս շրջափուլի համար վերջին անգամ իր 2021թ. տարեկան հաղորդումն էր ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Քննարկմանը մասնակցում էր հանձնաժողովի 5 անդամ:
Դատախազն իր խոսքի սկզբում նշեց, որ բազմիցս է ասել՝ սա ոչ միայն դատախազության, այլև ողջ երկրում քրեական հետապնդման մարմինների կատարած աշխատանքների արդյունքն է:
«Մենք փորձել ենք ամենայն մանրամասնությամբ և ամբողջապես ներկայացնել տարվա ընթացքում դատախազական գործառույթների առանձին ուղղություններով մեր կատարած աշխատանքների արդյունքներն ու ձեռքբերումները, անկեղծորեն արձանագրել ենք նաև այն բացթողումները, որոնք ունեցել ենք տարվա վերջում մեր աշխատանքներն ամփոփելիս, բացահայտել ենք այն իրավական խնդիրները, որոնք խոչընդոտներ են ստեղծում և կատարելագործման կարիք ունեն, ներկայացրել ենք մեր լուծումները»,- ասաց Արթուր Դավթյանը՝ շեշտելով՝ 2021թ. քրեական հետապնդման մարմինների համար ծանրաբեռնվածության առումով արտառոց տարի է եղել: Մասնավորապես, 2021թ. ՀՀ նախաքննական բոլոր մարմինների վարույթում քննվել է 44 751 քրեական գործ, նախորդ տարվանից 10 000-ով ավելի:
Դատախազի խոսքով՝ կրկնակի ավելացել է նաև դատախազական ցուցումների թիվը: Այնուհետև գլխավոր դատախազն անդրադարձավ կոռուպցիոն հանցագործություններին, դրանց հետևանքով պետությանը պատճառված վնասի վերականգնմանը, պետշահերի պաշտպանության վարույթներին, առանձին խոսեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության մասին՝ նշելով՝ տարվա ընթացքում վարչությունն աշխատել է ահռելի ծանրաբեռնվածությամբ:
«Տարվա կտրվածքով վարչության վարույթում գտնվել է 279 անձի վերաբերյալ ուսումնասիրություն, տարվա ավարտին ավարտված են եղել 14 անձի վերաբերյալ ուսումնասիրություններ, որոնցով բացահայտվել են ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ գույք, 23 շարժական գույք, 23 ընկերությունում մասնակցություն և 27 միլիարդ գումար: Դատարան են ներկայացվել 6 հայցեր, որոնցով այս ամբողջ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը, դրամական արժեքի վերածելու պարագայում, հայցագինը կազմում է շուրջ 40 միլիարդ դրամ»,- ասաց Արթուր Դավթյանը:
2021թ. իրենց աշխատանքի առաջնահերթությունների թվում գլխավոր դատախազը նշեց 2020թ. 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի քննությունը:
«Ի սկզբանե մենք որդեգրել ենք հետևյալ երկու ուղղությունները, որ այդ գործերով քննության առարկա էին դառնում ինչպես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, այնպես էլ այդ նույն պատերազմական գործողությունների ընթացքում մեր ռազմաքաղաքական ղեկավարության, Զինված ուժերի կողմից ենթադրյալ հանցավոր խախտումները: Ըստ այդմ տարվա ընթացքում վարույթում քննվել է պատերազմական հանցագործությունների վերաբերյալ 2150 քրեական գործեր, քրեական հետապնդման է ենթարկվել 800 անձ, 55-ը դատի են տրվել»,- ասաց Արթուր Դավթյանը:
Ըստ դատախազի՝ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործությունների փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ, 217.1-րդ, 226-րդ, 384-րդ, 387-րդ, 389-րդ, 390-րդ, 391-րդ, 394-րդ, 395-րդ, 397.1-րդ հոդվածների տարբեր մասերի հատկանիշներով հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր, որոնցով լայնածավալ նախաքննությունն իրականացվում է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու դեպքի առթիվ քննվող 2 վարույթի շրջանակում: Դրանցով քննության առարկա են, մասնավորապես՝
- ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ՀՀ-ի և ԱրՀ-ի նկատմամբ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը միջազգային բազմաթիվ պայմանագրերի և միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերի, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառման արգելքի անտեսմամբ, ազգային ատելության շարժառիթով ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և իրականացնելու, դրա ընթացքում գրեթե բոլոր զինատեսակներով Արցախի և Հայաստանի զինված ուժերի մարդուժին և ռազմական նշանակության ենթակառուցվածքներին, տեխնիկական միջոցներին, խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը կանխամտածված և նպատակաուղղված կերպով թիրախավորված կամ ոչ ընտրովի հարվածներ հասցնելու, զինծառայողներին, քաղաքացիական անձանց դիտավորությամբ մահ պատճառելու, գույքային հսկայական վնասներ հասցնելու բազմաթիվ դեպքերը,
- ԱՀ զինված ուժերի կողմից զինված ընդհարման ժամանակ, ինչպես նաև հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ԱՀ ՊԲ զինծառայողների, քաղաքացիական անձանց գերեվարումները, միջազգային կոնվենցիաների, միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի կոպտագույն խախտումներով՝ ընդհուպ կոնվենցիոնալ պաշտպանության ներքո գտնվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց դաժանաբար սպանության, խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու բազմաթիվ դեպքերը:
- Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերի խախտմամբ, ազգային ատելության շարժառիթով, ինչպես մարտական գործողությունների ընթացքում, այնպես էլ հրադադարի հաստատման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, հայկական պատմական հուշարձանները, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները, ծագումով հայերի գերեզմանները ոչնչացնելու, վնասելու կամ պղծելու բազմաթիվ դեպքերը,
- ռազմական գործողությունների ընթացքում ԱրՀ ՊԲ զինծառայողների, քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ միջազգայնորեն արգելված, այդ թվում նաև քիմիական բաղադրությամբ զինատեսակների կիրառման դեպքերը,
- ադրբեջանցիների կողմից, ազգային պատկանելության հիման վրա, հայերի դեմ ցեղասպանությունն արդարացնելու, թշնամանք հարուցելու, ատելություն և բռնություն հրահրելուն ուղղված հրապարակային կոչերի դեպքերը,
- ԱրՀ-ի և ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկանների ներգրավման, մերձավորարևելյան տարածաշրջանից հազարավոր վարձկան-ահաբեկիչներին Թուրքիայի տարածքով Ադրբեջան տեղափոխման և ռազմական գործողություններում օգտագործելու, այդ նպատակով ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատու պաշտոնատար անձանց նախնական համաձայնության շրջանակներում միջազգային ահաբեկչության ֆինանսավորման դեպքերը,
- ՀՀ տարածքում, Երասխ գյուղի հատվածում, ՌԴ զինված ուժերի «ՄԻ 24» տեսակի ռազմական ուղղաթիռը ԱՀ զինված ուժերի կողմից հրթիռահրետանային սարքերի կիրառմամբ խոցելու և դրա արդյունքում երկու անձի սպանվելու և մեկ անձի մարմնական վնասվածք ստանալու դեպքը:
Վերոնշյալ քրեական գործերով իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ, 384-րդ, 387-րդ, 390-րդ, 391-րդ, 393.1-րդ, 397.1-րդ և 395-րդ, 217-րդ, 34-390-րդ, 389-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր՝ շուրջ 40 անձ, այդ թվում՝ ինչպես Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այնպես էլ վարձկան գրոհայիններ, ահաբեկչական խմբավորումների ղեկավարներ:
Մանրամասները՝ տեսանյութում