Նիկոլ Փաշինյանին կանխելու վերջին շանսը
Ապրիլի 17-ից Ազատության հրապարակում մեկնարկած զուգահեռ ակցիաներն առնվազն թարմություն են մտցրել մինչ այդ պահն իներտ քաղաքական կյանքում։ Հրապարակում առայժմ տեղի են ունենում քաղաքական զբոսանքներ, քննարկումներ, ակցիաներ, որոնց մասնակցում են ամենատարբեր հայացքների տեր քաղաքացիներ։ Նրանց հրապարակ է բերում Արցախի ու Հայաստանի վերաբերյալ մտահոգությունը, տիրող իրավիճակին չհամակերպվելու եթե ոչ՝ քաղաքական, ապա՝ մարդկային ցասումը։ Ընդ որում, Ազատության հրապարակ եկողներից ոչ բոլորն են համակրում այնտեղ այս պահին քաղաքական ակցիա անող այս կամ այն գործչին կամ խմբին։
Բայց տվյալ դեպքում դա երկրորդական է։ Ավելի կարևոր է այն, որ այս օրերին Ազատության հրապարակում ամեն օր ձևավորվում է ընդդիմադիր քաղաքական կապիտալ, որը, սակայն, չի կարող ինքն իրենով իրացվել, այն ունի, ինչպես ընդունված է ասել՝ կապիտալիզացիայի անհրաժեշտություն, ինչն արդեն ոչ թե հրապարակ եկողների, այլ այնտեղ ակցիաներ իրականացնողների, քաղաքական առաջնորդների խնդիրն է։
Իրավիճակի նրբությունն այն է, որ այդ քաղաքական կապիտալը գրագետ աշխատանքի դեպքում կարող է անսահմանորեն աճել և հակառակը՝ համարժեք գործողությունների բացակայության դեպքում կարող է փոշիանալ այնպես, որ հասարակությունը հայտնվի հերթական հուսահատության շրջափուլում։ Այդ իմաստով Ազատության հրապարակ եկող քաղաքացիների քանակը դրական լինելով հանդերձ՝ միևնույն ժամանակ մարտահրավեր է ընդդիմության համար։
Ընդդիմադիր առաջնորդները պարտավոր են ինչ-որ պահից հրապարակը լցնել բովանդակությամբ, դրա վրա հիմնված գործողությունների ծրագրով ու ճանապարհային քարտեզով։ Ընդ որում, դա չպետք է լինի արդեն իսկ հայտնի իրավիճակի՝ հազարերորդ անգամ կրկնված գնահատականների հնչեցումը, անհրաժեշտ է իրապես բովանդակություն ու կենսունակ ծրագիր։
Ազատության հրապարակ մարդիկ գալիս են՝ դեմ լինելով Նիկոլ Փաշինյանի հռչակած «խաղաղության դարաշրջանին»։ Հետևաբար՝ հրապարակի քաղաքական բովանդակությունը պետք է դառնա այդ «խաղաղության դարաշրջանին» հակընդդեմ ծրագիրը, որը որևէ դեպքում չի կարող լինել պատերազմի ցանկություն կամ ուղղակի հակախաղաղություն։ Հրապարակը պետք է լցվի իրական խաղաղության, արժանապատիվ խաղաղության օրակարգով, որը, լինելով խաղաղության մասին, սկզբունքորեն կտարբերվի Նիկոլ Փաշինյանի առաջարկած նվաստացումից։
Այդպիսի օրակարգն Ազատության հրապարակ կբերի ավելի մեծ թվով քաղաքացիների, որոնց մի մասին չի բավարարում ուղղակի իշխանափոխության նպատակը, որոնք ցանկանում են իմանալ, թե ինչ և ինչպես է ընդդիմությունն անելու հնարավոր իշխանափոխությունից հետո:
Այդ հարցերի պատասխանների հնչեցումն էականորեն կփոխի նաև հրապարակի որակը, քանի որ, որպես կանոն, հեռանկարային հարցերի պատասխանների կարիք ունեցողներն էականորեն տարբերվում են իրավիճակային գործողությունների սիրահարներից։
Կա տպավորություն, որ այս օրերին Ազատության հրապարակում ծավալվող գործողությունները կարող են լինել Նիկոլ Փաշինյանի «խաղաղասիրությունը» կանխող վերջին միջոցը։ Եթե տեղի չունենա հրապարակի ռեսուրսի կապիտալիզացիան, իշխանությունը դա կօգտագործի որպես սեփական քայլերի լեգիտիմացման միջոց՝ այս օրերին իր դեմ գեներացվող բողոքն օգտագործելով իր շահերի օգտին և Հայաստանի ու Արցախի շահերի դեմ։
Հարություն Ավետիսյան