«ԱԱԾ տնօրենը պետք է այցելի Արթուր Վանեցյանին, զրուցի նրա հետ, հասկանա, թե ինչ մտահոգություններ ունի». ԱԱԾ նախկին տնօրեն

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց, որ բախտորոշ ու ճակատագրական հարցերը որևէ իշխանություն իրավունք չունի միանձնյա որոշելու, և դա է պատճառը, որ Արթուր Վանեցյանի նման մարդիկ այսօր ստիպված գնում են նման քայլերի։

«Այլ ելք չունենալով՝ մարդիկ դուրս են գալիս ու սկսում մասնակցել նստացույցերի։ Այնտեղ ընկերներ ունենք, որոնք հացադուլ են հայտարարել, որովհետև մարդիկ տեսնում են, որ իշխանություններն ինքնուրույն, առանց հանրության կարծիքը հարցնելու, չունենալով այդ մանդատն ու լիազորությունը՝ փորձում են լուծել ազգային խնդիրները, հարցերը։ Օրինակ, ես ինչպե՞ս եմ պատկերացնում հանգուցալուծումը՝ ազնվորեն պետք է ներկայացնել, թե այս խաղաղության պայմանագիրը, դարաշրջանն ինչ արժեք ունի։ Այսինքն՝ մեզանից թուրքերն ու ադրբեջանցիներն ինչ են ակնկալում։ Առարկայական ուզում են Հայաստանից 10 գյուղ՝ այսքան քառակուսի կիլոմետր հարակից տարածքներով։ Դրա դիմաց իրենք մեզ ի՞նչ են առաջարկում։ Արցախի ճակատագիրն ինչպե՞ս են տեսնում։ Ներկայացնում են առանց նախապայմանների, չի լինում այդպես, դա միֆ է, սուտ է։ Պետք է առարկայական ներկայացնել, մարդիկ տեսնեն, դնեն հանրության դատին, որից հետո հանրությունը թող իր կարծիքն ասի։ Ընդ որում, չպետք է միայն Հայաստանում բնակվող հայ մարդն ասի, այ դրա պատասխանը պետք է տա և սփյուռքում ապրող մեր հայրենակիցը, և արցախցին, դրանից հետո երբ կլինի «այո» կամ «ոչ», այդ ժամանակ նաև պետք է երկրորդ հարցն առաջանա, թե որ քաղաքական թիմը պետք է առաջ տանի ժողովրդին»,- նշեց Միքայել Համբարձումյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի քաղաքական թիմը, որը հակված է Թուրքիայի հետ նորմալ դարաշրջան բացել, ապա դա էլ է մոտեցում, քանի որ իշխանությունն այդպես է մտածում։ Սակայն կան մարդիկ, որոնք այլ կերպ են մտածում, հետևաբար, եթե քաղաքական թիմը որոշի, որ՝ ոչ, պետք է գնալ այլ ուղղությամբ և պահել արժանապատավությունը, այդ դեպքում պետք է նոր քաղաքական թիմ ձևավորվի և առաջնորդի երկիրն ու ժողովրդին։

«Խաբելով, շղարշով պատելով երևույթները՝ հեռու չեն գնալու, դա վիժեցվելու է, դա չի լինելու»,- հավելեց Միքայել Համբարձումյանը։

Հարցին՝ երկրի վրա ի՞նչ ազդեցություն են ունենում Պաշտպանության, անվտանգության ոլորտների ղեկավարների հաճախակի փոփոխությունները, Միքայել Համբարձումյանը նկատեց՝ այդ ամենը բերում է նրան, որ Ազգային անվտանգությունը ղեկավարած մարդն այսօր նստացույց է անում։

«Սա շատ վատ երևույթ է, ԱԱԾ-ն ղեկավարած մարդը չունենալով այլ ելք՝ նստացույց է անում, որը բարձրաձայնում է բոլորիս մտահոգող խնդիրներ։ Սա պետք է բարձրաձայնել, և այն դառնա քննարկման առարկա։ Այլ ելք չունենալով՝ մարդիկ գնում են սրան։ Ուժային կառույցներում փոփոխություն են անում, որովհետև ուժային կառույցներում կան խնդիրներ, որոնք չեն լուծվում։ Որքան էլ այդ կառույցը փակ լինի, այնտեղ աշխատող մարդիկ հայրենասեր մարդիկ են, իրենք էլ են տեսնում այդ խնդիրները, այդ խնդիրների միջով անցնում են, և պահ է գալիս, որ սկսում են չհանդուրժել»,- շեշտեց նա։

Միաժամանակ ԱԱԾ նախկին տնօրենն ընդգծեց, որ կառույցի ներկայիս ղեկավարը պետք է այցելի Արթուր Վանեցյանին:

«Պարոն Աբազյանը պետք է այցելի Արթուր Վանեցյանին, զրուցի նրա հետ, հասկանա, թե ինչ մտահոգություններ ունի, գուցե իր միջոցով հնարավոր լինի ճշմարտությունը հասցնել Նիկոլ Փաշինյանին»,- եզրափակեց Միքայել Համբարձումյանը։

Տեսանյութեր

Լրահոս