«Հետդարձի ճանապարհ չունենք․կա՛մ մնում ենք և պաշտպանում մեր հայրենիքը, կա՛մ ուղղակի հանձնվում ենք»․ Աննա Մկրտչյան
«Ես վստահ եմ, որ լայն հասարակությունը արթնացած է, ես տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ արտահայտվում Նիկոլի մասին, ինչպես են ազգակործան գործունեության մասին մասին արտահայտվում։ Մեր խնդիրը՝ ուղղակի համախմբվել, միասնական կանգնել ու հասկանալ, որ մեր դիմացը դավաճան թշնամիներ են, ում հետ պայքարը հեշտ չի լինելու»,-Ազատության հրապարակում մեզ հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ գործող իշխանությունները ոչնչի առաջ կանգ չեն առնում․ «Ակնհայտ է, որ այստեղ ուժի կիրառումն անհամաչափ է եղել, որևէ ժողովրդավարական ստանդարտների չտեղավորվող տրամաբանության մեջ, բայց սա ապացույցն է այն խոսքի, որ ոչնչի առաջ կանգ չեն առնում։
Մեզ մնում է ուղղակի մեր գործողությունները և գործիքակազմերը չսահմանափակել՝ ենթադրելով, թե ովքեր են մեր դիմաց կանգնած։ Մի քանի օր առաջ ԱԺ-ում հնչեցրած հայտարարությունները նրա մասին, որ կամ մեր հայրենիքը միանգամից Նիկոլը կհանձնի, կամ մաս-մաս, խոսում է նրա մասին, որ մեզ ուղղակի իրավունք է տալիս ինքնապաշտպանվելու և պաշտպանելու մեր պետականությունն ու հայրենիքը»։
Պատգամավորն ընդգծեց, որ նայեմբերի 9-ից սկսած Նիկոլ Փաշինյանը ոչ միայն գրավոր, այլև բանավոր հանձնում է մեր հայրենիքը․ «Ինքն է եկել՝ ԱԺ-ում խոստովանել, որ իր բանավոր հրամանով են Սյունիքի դիրքերից հետ քաշվել, մի քանի շաբաթ առաջ խոստովանեց, որ Քարագլխում իր հայելային հետքաշման արդյունքում է, որ եկել են ու դիրքեր են զբաղեցրել, ամեն ինչ անում է, որ բոլորին մեղավոր հանի, բացի՝ իրենից։ Բոլորը մեղավոր են՝ օտարները, բարեկամները, բայց ոչ ինքը։
Այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ մենք հասկանանք, որ հետդարձի ճանապարհ չունենք․կամ մնում ենք և պաշտպանում մեր հայրենիքը, կամ ուղղակի հանձնվում ենք՝ հասկանալով, որ կա դիմացը մարդ, որն իր իշխանազավթման պաշտպանության համար ոչնչի առաջ կանգ չի առնելու։ Այս ոստիկանական տեռորը, իրավական համակարգի տեռորը ուղղված է մեկ մարդու անվտանգությունն ապահովելու համար։ Հայաստանում հանցագործության աճի տեմպերը խոսում են այն մասին, որ ոստիկանությունը զբաղված է մեկին պաշտպանելով»։