Բաժիններ՝

«Ադրբեջանում վերջին 4 տարում անցկացվել է մոտ 20 խոշոր միջազգային միջոցառում. հիմա հիշեք, թե Հայաստանում քանի՞սն է անցկացվել»

2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 250.798 զբոսաշրջիկ։ Ֆեյսբուքյան իր էջում այս տվյալները հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ներկայացնելով նաև համեմատական տվյալներ այլ տարիների հետ։ Քերոբյանը տեղեկացնում է, որ 2021թ․առաջին եռամսյակում Հայաստան է եկել 87.131 զբոսաշրջիկ, այսինքն՝ 163.667 ավել զբոսաշրջիկ է եկել այս տարի Հայաստան։ Սակայն այս տարվա ցուցանիշը զիջում է նախաքովիդյան` 2019-ի առաջին եռամսյակում ՀՀ եկած զբոսաշրջիկների թվին։ Այս տարի, ի տարբերություն 2019-ի, 82.352-ով քիչ է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը։

«Ավարայր» զբոսաշրջային ընկերության հիմնադիր, տնօրեն Արկադի Սահակյանի խոսքով՝ զբոսաշրջիկի հետաքրքրասիրությունը շարժելու համար պետք է երկիրը ճանաչելի դարձնել, գովազդել: Իսկ ինչ վերաբերում է վերը նշված ժամանակահատվածում այցելություններին, ապա, ըստ մեր զրուցակցի, այն պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով, և Հայաստան եկածներին չի կարելի զբոսաշրջիկ համարել:

«Որպեսզի տուրիստները շատ գան, առաջինը պետք է երկիրը ճանաչելի դարձնել: Հեղափոխությունից հետո ինչքան եկել էին՝ դա նախորդ տարիներին կատարված աշխատանքի արդյունքն էր: Չնայած դեր խաղաց նաև այն, որ 2018 թվականից Հայաստանի ճանաչելիությունը բարձրացել էր: Դրանից հետո երկիրն իր արտաքին գովազդի, ճանաչելիության և հասանելիության համար ոչ մի բան չի արել: Ոչ մի խոշոր միջոցառում: Ֆրանկոֆոնիան նախորդ ժամանակվանից պլանավորված այցելություն է եղել, իսկ այդ ընթացքում հարևան Ադրբեջանում վերջին 4 տարում, եթե չեմ սխալվում, անցկացվել է մոտ 20 խոշոր միջազգային միջոցառում: Հիմա հիշենք, թե Հայաստանում քանի՞սն է անցկացվել, ու ամեն ինչ պարզ կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արկադի Սահակյանը:

Ինչ վերաբերում է Նովրուզին Իրանից Հայաստան համեմատաբար քիչ այցելություններին՝ Արկադի Սահակյանը նշեց. «Որևէ գրավչություն չենք առաջարկել Նովրուզի ժամանակ, որպեսզի իրանցիները շատ գային: Շատերը նաև ճանապարհի փակ լինելու պատճառով տեղ չեն հասել կամ երկու օր ուշացումով են հասել»:

Ավելի վաղ՝ մարտի 21-ին, ասուլիսի ժամանակ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ասել էր, որ Հայաստանում Նովրուզը նշելու նպատակով օդային ճանապարհով Իրանից 3000-ից ավելի զբոսաշրջիկի այց է սպասվում։

Անդրադառնալով Իրանից Հայաստան նախորդ տարվա զբոսաշրջային հոսքերի վիճակագրական տվյալներին՝ Մեխակ Ապրեսյանը հայտնել էր, որ 2021թ. այցելությունները զգալի են եղել։ Հայաստան զբոսաշրջային այցելությունների մեջ Իրանի մասնաբաժինը շուրջ 11 տոկոս է կազմել։ Տարեկան ցուցանիշը եղել է մոտ 95 հազար, որից 9000-ից ավելին՝ Նովրուզի օրերին։

Նա հավելել էր, որ Իրանի ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվ լինեն՝ նպաստելով Իրանից զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս