Հայաստանի ամենահամարժեք քաղաքական սուբյեկտը

Նախօրեին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքը լուրջ քաղաքական իրողությունների արձանագրում էր։ Այդ իրողությունները ոչ այնքան հանրահավաքի հարթակում էին, որքան հենց հրապարակում՝ մասնակիցների շարքերում, նրանց քանակական ու որակական ներկայության հարթությունում։ Հանրահավաքն իրականում այն մասին էր, որ հասարակության մեջ կա զգալի առողջ հատված, որը եթե ոչ՝ քաղաքական, ապա՝ առնվազն մարդկային ու ազգային արժանապատվության տիրույթում անհամաձայն է այսօրվա իրավիճակի հետ։ Դա առաջին հերթին՝ մարդկային, ապա նոր միայն՝ քաղաքական անհամաձայնություն էր։

Ապրիլի 5-ի հանրահավաքում կարևոր էին ոչ այնքան հարթակից հնչող տեքստերը, որքան մարդկանց հրապարակ բերած մոտիվացիաներն ու պահանջները, որոնք, ինչպես ցույց տվեց հանրահավաքը, պահանջում էին միանգամայն նոր ասելիք ու նոր օրակարգ, քան հնչում էին բանախոսների ելույթներում։ Այդ իրողությունը պետք է հաշվի առնեն առաջին հերթին ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ իրենց հետագա անելիքները ոչ միայն՝ սեփական հաշվարկների, այլ առաջին հերթին՝ հրապարակում կանգնած մարդկանց պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։  Հակառակ դեպքում հանրահավաքից հանրահավաք հասարակության ու քաղաքական էլիտաների միջև առկա խզումը ոչ միայն չի նվազի, այլ ավելի կխորանա, ինչը կարող է հանրության հուսահատության նոր ալիքի պատճառ դառնալ։

Հիմա մոդայիկ է սեփական անհաջողությունները հանրության անտարբերությամբ արդարացնելու թեզը, որը, սակայն, զգալիորեն ջախջախվեց ապրիլի 5-ի հանրահավաքում․ հասարակությունը ցույց տվեց, որ պատրաստ է մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին, որոնք հաջողության կարող են հասնել միայն համարժեք բովանդակության ու դրանից բխող գործողությունների դեպքում։ Հայաստանի ամենամեծ խնդիրն իրականում այդ համարժեքության բացակայությունն է կամ տոտալ անհամարժեքությունը։ Իշխանության գործողությունները համարժեք են ավելի շատ Ադրբեջանի ու Թուրքիայի, քան Հայաստանի շահերին, իսկ ընդդիմության վարքագիծը հեռու է նման իշխանությանը դիմակայելուն անհրաժեշտ նվազագույն համարժեքությունից։

Այս համատեքստում Հայաստանում ամենահամարժեք քաղաքական սուբյեկտը մնացել է հասարակությունը, որը վերջին հանրահավաքին իր մասնակցությամբ ըստ էության վերջին շանս է տալիս գործող ընդդիմությանը։ Կօգտագործի՞ այդ հնարավորությունն ընդդիմությունը, թե՞ ոչ, կարևոր՝ այդուհանդերձ երկրորդական հարց է։ Շատ ավելի կարևոր է իրողությունը, որ հասարակությունը չի հանդուրժում ներկայիս  անարժանապատիվ իրականությունը և պատրաստ է դա հաղթահարելու համար կատարել իր քայլը։

Ապրիլի 5-ի հանրահավաքում հարթակից մեծ հաշվով դեռևս չհնչեցին ստեղծված իրավիճակից դուրս գալու բանաձևեր, հարթակում չէին երևում նաև այդ բանաձևերը կիրառողները։ Բայց իրավիճակի նրբությունն այն է, որ ի տարբերություն հանրահավաքային նախադեպերի ու ստանդարտ կաղապարների, այս անգամ բանաձևերն ու դրանք կիրառողները ոչ թե հարթակում էին, այլ հենց հրապարակում գտնվող շարքերում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս