Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր կուսակցապետին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ նոր դատական հայց է ներկայացրել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական մամուլի ամաձայն՝ Էրդողանը Քըլըչդարօղլուից 1մլն թուրքական լիրա (շուրջ 68․012 ԱՄՆ դոլար) է պահանջում՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։
Պատճառն այն է, որ մարտի 22-ին Քըլըչդարօղլուն խորհրդարանի ամբիոնից Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել:
Քըլըչդարօղլուն Էրդողանի հասցեին մասնավորապես ասել էր․ «Դու տնտեսագետ ես, եթե լինես էլ առնվազն կլինես 5-անոց խունտայի հարկահավաքը։ Դու ժողովրդի փողի վրա աչք դրած հարկահավաք ես»։
Նշենք, որ «5-անոց խունտան» քաղաքական տերմին է Թուրքիայում, որը շրջանառության մեջ է դրվել ընդդիմության կողմից։ «5-անոց խունտա» ասելով, նկատի ունեն Թուրքիայում իշխանամերձ ամենախոշոր 5 ընկերություններին, որոնք գրեթե միշտ հաղթում են պետության կողմից հայտարարված մրցույթները (տենդեր)։ Դրանք են՝ «Cengiz», «Limak» ընկերությունները, «Kalyon Գրուպը», «Kolin» ընկերությունը և «Makyol Գրուպը»։
Հիշեցնենք, որ վերջին տասնամյակում Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից ռեկորդային թվով դատական հայցեր են ներկայացվել, որոնց ճնշող մեծամասնությունը ավարտվել է հօգուտ Էրդողանի։
Արդյունքում Քըլըչդարօղլուն թուրքական տարբեր դատարանների որոշումներով պարտավորվել է միլիոնավոր լիրայի փոխատուցում վճարել Էրդողանին՝ վերջինիս վերաբերյալ իր ելույթներում հնչեցրած գրեթե բոլոր բացասական կամ քննադատական արտահայտությունների համար։