Չկա հստակ ձևաչափ, որի շրջանակում հակամարտությունը կարող է լուծվել. Եվրոպացի վերլուծաբան

«Ղարաբաղյան հակամարտության շրջանակում ևս անխուսափելիորեն արտահայտվելու է ռուս-արևմտյան սառը պատերազմը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց եվրոպացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով Բրյուսելում սպասվող Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանն ու զարգացումներին հակամարտության շուրջ:

Վերլուծաբանի գնահատմամբ՝ այս դեպքում կարևոր է ոչ այնքան արդյունքը, որքան ինքնին հանդիպման փաստը, և, քանի որ հրատապ արդյունքներ ակնկալելի չեն, հաշվի առնելով խնդիրների այն համակարգայնությունը, որն առկա է հակամարտության գոտում նաև այսօր, և չնայած կա մեծ ճնշում, լարում հակամարտության գոտում:

Ըստ նրա, ԵՄ-ի տեսանկյունից կարևորն այն է, որպեսզի շարունակի այս մակարդակի ներգրավվածությունը հակամարտության կարգավորման գործընթացին: Բացի այդ, վերլուծաբանի խոսքով, Եվրոպական խորհրդի այս նախագահին բնորոշ են հատուկ առաքելությունները, կարգավորման նախաձեռնությունները, և Ղարաբաղյան հակամարտությունում ինչ որ դեր ստանձնելը հերթականն է այս շարքում:

«Այս նախաձեռնությունը կարևոր է ԵՄ-ի համար նաև նրանով, որ ԵՄ-ն, հաշվի առնելով իր շահերը, ավելի ներգրավված քաղաքականություն է վարում այս տարածաշրջանում, և կարծես ԵՄ-ում համարում են, որ սատարելը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին տասնամյակներ շարունակ չի ապահովել ԵՄ-ի շահերն այս տարածաշրջանում, ուստի ուղիղ ներգրավվածությունը ԵՄ-ի կողմից ավելի նպատակահարմար է: Մյուս առանցքային գործոնը Ռուսաստանն է, և ուկրաինական պատերազմի ընթացքում էլ ավելի են կարևորվում այն բոլոր գոտիները, որոնցում ՌԴ-ն ունի որոշակի ներկայություն: Կարծում եմ՝ պարզ է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան քաղաքականությունն ավելի համակարգային բնույթ է կրում, և ԵՄ-ն այս փուլում ավելի զգոն է ամբողջ տարածաշրջանում, փորձում է նաև չկորցնել այն դիրքերը, որոնք ունի հակամարտության գոտիներում»,- այսպես բացատրեց ԵՄ-ի շարժառիթը Նեյլ Մաքֆարլեյնը:

Նա այն կարծիքին է, որ հանդիպումից պետք է ակնկալել, որ ԵՄ-ն կշարունակի աշխատել կողմերի հետ, ընթացիկ ինչ-որ հարցեր կքննարկվեն, հատկապես՝ անկայունության վերջին ալիքը և խաղաղապահների գործոնն այդ ամենում:

«Խաղաղության համաձայնագրի թեման հիմա ևս շատ խնդրահարույց է թվում, թեև կողմերը դրանից ավելի ու ավելի հաճախ են խոսում՝ հասարակություններին պատրաստելով այդ իրադարձությանը: Կողմերը միմյանց ներկայացրել են առաջարկներ, սակայն այսքան իրադարձություններ եղան, ու լուրջ տարաձայնությունը մնաց երկու սկզբունքի միջև՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք, ինչը եղել է մշտապես, թեկուզ դրանց այլ որակումներ են տվել, խոսել կարգավիճակից կամ իրավունքից: Սրա շուրջ է շարունակում ներկայումս մնալ կոնֆլիկտը, և դա լուրջ մարտահրավեր է: Մյուս բարդ հանգամանքն այն է, որ չկա հստակ ձևաչափ, որի շրջանակում հակամարտությունը կարող է լուծվել, քանի որ բոլոր կողմերն առանձին հանդիպումներ են անցկացնում, Թուրքիան ևս ցանկանում է հանդիպումներ անցկացնել, սա խոցելի է դարձնում իրավիճակը:

Պատերազմից հետո հակամարտող կողմերը հանդիպել են թե՛ ռուսական, թե՛ եվրոպական հովանու ներքո, և որքան էլ միջնորդներն այս հարցում ակնհայտ կոնֆլիկտ չեն արտահայտում, սակայն ներկայումս ուկրաինական պատերազմի ֆոնին այն անկասկած կա, և դա կողմերի խնդիրներն ավելացնում է ևս մեկով: Կա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի առկախված իրավիճակը: Ինչպես երևում է, այն և՛ կա, և՛ չկա: Ամենալավ տարբերակը, իհարկե, այն կլիներ, որ կողմերը համաձայնեցված ընդունեին ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ որպես միջնորդ, և բոլոր քննարկումներն իրականացնեին այդ հարթակում: Սակայն միջազգային իրադրության սրացման և հակամարտության գոտում հետպատերազմյան չկարգավորված իրավիճակի պայմաններում այս ձևաչափը շարունակում է անորոշ մնալ»,- ասաց Նեյլ Մաքֆարլեյնը:

Նրա կարծիքով՝ անհասկանալի է նաև, թե ինչու են համանախագահներից ոմանք առանձին այցեր կատարում, երբ սովորաբար ՄԽ-ն միասնական այցեր է կատարել (նա նկատի ունի օրերս ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահի այցը Երևան):

«Սա ապացուցում է նաև այն միտքը, որ այստեղ ևս անխուսափելիորեն արտահայտվելու է ռուս-արևմտյան սառը պատերազմը: Կողմերի խնդիրն է՝ նման փուլերում հնարավորինս ակտիվացնել դիվանագիտությունը, ստեղծել հավելյալ հնարավորություններ: Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Ռուսաստանի շուրջ ստեղծվող իրավիճակը և անձամբ ՌԴ-ի միջնորդական հնարավորություններն ու ունակությունները»,- ասաց Նեյլ Մաքֆարլեյնը:

Տեսանյութեր

Լրահոս