Բաժիններ՝

«Քանի սաղ եմ, կգամ, բալես»․ տիկին Սիրունն արդեն 28 տարի ամեն շաբաթ այցելում է «Եռաբլուր»՝ որդու գերեզմանին

«Եռաբլուր» զինվորական պանթեոնը, բացի սրբավայր լինելուց, հազարավոր ծնողների համար դարձել է նրանց հերոս որդիների տունը։

Տարբեր պատերազմների ժամանակ թշնամու դեմ մինչև վերջ կռված և քաջի մահով ընկած հերոսների ծնողներին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հաճախ կարող ենք հանդիպել, ոմանց՝ անգամ ամեն օր։

Օրերս «Եռաբլուր»-ում հանդիպեցինք տարեց մի կնոջ՝ Սիրուն Կնյազյանին, որը որդու շիրմաքարի մոտ մաքրություն էր անում։ 168.am-ի հետ զրույցում տիկին Սիրունն ասաց, որ 4 երեխա ունի՝ 2 տղա և 2 աղջիկ։ Դավիթն իր կրտսեր որդին էր՝ երեխաներից ամենափոքրը, Արցախում է զոհվել՝ 1994 թվականին։

«Իմ փոքր տղան էր, 1974 թվականի հոկտեմբերի 30-ին էր ծնվել․․․ Շատ հանգիստ տղա էր, մեծերի հետ մեծ էր, փոքրերի հետ՝ փոքր։ Շատ նվիրված էր իր ընկերներին, հարազատներին, ծանոթներին, բակի բոլոր երեխաները սիրում էին իրեն։ 90-ականներին Դավիթս իր ընկերոջ հետ գնացել էր Նովոսիբիրսկ՝ կոշիկի գործ անեին։ 1993 թվականի մայիսին եկավ Հայաստան, իր ժամանակից 6 ամիս ուշ զորակոչվեց»։

18-ամյա Դավիթ Համբարձումյանը ծառայում էր Սովետաշենի զորամասում, հետախույզ էր։ Շուրջ 8 ամսվա ծառայող էր, երբ տեղափոխվեց Արցախ։

«Երևանում ծառայելու ժամանակ հաճախ էր զանգում, շաբաթ օրերին միշտ գալիս էր տուն, շատ ճարպիկ տղա էր․․․ Մենք սպասում էինք, ասում էինք՝ շաբաթ է, պետք է տուն գա, որ չեկավ, ամուսինս անհանգստացավ, ասաց՝ մի բան եղել է, որ երեխեն չեկավ։ Գնաց չաստ, իմացավ, որ տարել են Ղարաբաղ․․․

Այնտեղից ոչ մի լուր, ոչ մի խաբար չունեինք․․․ Հունվարի 10-ին տարել են, հունվարի 26-ին մեզ խաբար եկավ, որ երեխես զոհվել է․․․

Զինկոմիսարիատից մեկը եկավ մեր տուն, ամուսնուս հարցրեց, ասացի՝ գործի է, հարցրեց, թե որտեղ է աշխատում։ Ի՞նչ իմանայի՝ ինչի՞ համար է հարցնում, բայց ներսս սկսվեց ալեկոծվել, անհանգստացա։ Հարցրեցի՝ ի՞նչ է եղել, ամուսնուս տարիքն էն չէ, որ իրեն տանեն կռիվ, պատասխանեց՝ հանգիստ եղեք, մայրիկ ջան, բան չկա, ու գնաց։

Մեկ էլ տեսնեմ՝ ամուսինս գործից շուտ եկավ տուն, ասաց՝ էսպիսի դեպք է պատահել, մեր տղեն չկա․․․»։

Դավիթի շիրմաքարին, բացի անունից, փակագծում նաև գրված է՝ «Չիբո»։ Տիկին Սիրունին հարցրեցինք, թե ինչո՞ւ են որդուն այդպես դիմել․

«Դեռ փոքրուց իրեն «Չիբո» էին ասում։ Պատմությունը էսպես է եղել՝ ախպորս տղան «Չիբո» անունով մտերիմ ընկեր ուներ, այդ տղան, որ իմացել էր Դավիթիս ծնվելու մասին, արագ գնացել էր ախպորս տուն, ախպորս տղային ասել էր՝ հորքուրդ տղա է ունեցել։ Ախպորս տղեն էլ ասել է՝ որ դու ես էս խաբարն ինձ բերել, ուրեմն «Չիբո» կասենք, ու փոքրուց այդպես էին կանչում։

Դավիթս շատ սիրուն, բոյով-դրբով տղա էր, դուռը չէր մտնում։ Շատ մարդասեր, շատ բարի, շատ ուրիշ։ Ցավը թողեց սրտումս, գնաց․․․ Արդեն 28 տարի է․․․

Պահես, մեծացնես, սաղ մնաս ու ամբողջ կյանքդ մղկտաս․ էդ ա իմ ցավը։ Հիմա էլ, որ տեսնում եմ այսքան զոհեր, լացում եմ, ասում եմ՝ ես տեսել եմ, թող ոչ մեկը, ոչ մի մայր չտեսնի այս դառը վիշտը․․․»։

Տիկին Սիրունը մեզ հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր շաբաթ օր, Աջափնյակի վարչական շրջանից՝ 15 թաղամասից, որտեղ ծնվել և ապրել էր Դավիթը, և որտեղ իրենք այժմ բնակվում էն, անվճար ավտոմեքենա են տրամադրում, զոհված զինծառայողների հարազատները գալիս են «Եռաբլուր»։

«Ամեն շաբաթ մեքենան մեզ անվճար բերում է «Եռաբլուր», 1 ժամ սպասում, նորից հետ է տանում։ Չեմ կարող տանը հանգիստ նստել, որ գիտեմ՝ մեքենան գնում է «Եռաբլուր»։ Ասում եմ՝ քանի սաղ եմ, կգամ, բալես․․․ Հայրն, արդեն 11 տարի է, մահացել է, այն ժամանակ միասին էինք գալիս, հիմա մենակ եմ գալիս։

Գալիս շիրմաքարն եմ մաքրում, ամռանը, որ ջրերը միացնում են, ծաղիկներ եմ ցանում, ջրում, գնում եմ։ Որ գալիս եմ որդուս մոտ, հանգստանում եմ, մխիթարվում եմ․․․

Մեկ-մեկ, որ թոռնիկներս արթուն են լինում, իրենք էլ են հետս գալիս։ 11 թոռ ունեմ, մեծ տղաս 11 երեխա ունի՝ 4 տղա, 7 աղջիկ։ Հենց առաջին թոռնիկիս անունը՝ ի պատիվ զոհված որդուս, Դավիթ ենք դրել, 24 տարեկան է արդեն։ Ինքը ծառայել եկել է, հիմա երրորդ թոռս է ծառայում։ Աստված խաղաղություն տա, մեր բոլոր զինվորները անփորձանք ծառայեն, գան տուն: Ես հավատում եմ, որ Դավիթիս հոգին փրկված է, անմեղ զոհեր են բոլորն էլ, ինչի՞ պետք է մեր ազգն այսքան զոհեր տար․․․»։

Տիկին Սիրունը պատմեց, որ ամեն անգամ որդու շիրիմին այցելելուց հիշում է իրենց վերջին հանդիպումը․

«Վերջին անգամ, որ եկավ տուն, դե այն ժամանակ՝ 1993 թվին, ոչ լույս կար, ոչ ջուր կար։ Կվարտիրայում էինք ապրում, միջանցքում փեչ էինք դրել, փայտ էինք վառում, կողքը նստում տաքանում։ Փեչի վրա ջուր էի տաքացնում, որ լողանար տղես, ջուրը տաքացրի, տարա բաղնիք, ինքը նստում էր, ջուրը լցնում էի, գլուխը լվանում էր, մեջքին օճառ էի քսում ու դուրս էի գալիս, այդ ընթացքում ասեց՝ մա՛մ, ես իմ 20 տարին չեմ բոլորի։ Ասացի՝ այ տղա ջան, ի՞նչ ես խոսում, դու քաջ տղա ես, ուժեղ տղա ես, ի՞նչ ես խոսում։ Չէ՛ ասաց, կտեսնես, մամ, ես իմ 20 տարին չեմ բոլորի․․․ Սիրտս այնպես մղկտաց, թողի դուրս եկա։ Զոհվելուց հետո էի հիշում, որ սենց բաներ էր ասում․․․»։

Դավիթ Համբարձումյանը հուղարկավորվել է 1994 թվականի հունվարի 28-ին․

«Ամուսինս չէր թողնում շուտ հուղարկավորեին, ասում էր՝ թող 2 օր էլ մնա։ Զինվորները գալիս 2 կողմը կանգնում էին․․․»։

Տիկին Սիրունը, որ 28 տարի ցավը սրտում գալիս է «Եռաբլուր», չի՛ ընդունում այսօրվա իշխանությունների առաջ քաշած «խաղաղության դարաշրջան» բացելու վերաբերյալ օրակարգը։ Ոչ միայն չի՛ ընդունում՝ իր որդուն սպանած թուրքի հետ խաղաղության պայմանագիր կնքվի, այլև անհնար է համարում, որ թշնամին փոխվի և խաղաղասեր դառնա․

«Ես կցանկանամ, որ խաղաղություն լինի, ներկա պահին իմ թոռը Սիսիանում ծառայում է, բայց թուրքի հետ ո՞նց կարող են խաղաղ ապրել, ո՞նց։ Թուրքն ի ծնե արնախում ազգ է, նրա հետ կարո՞ղ ես խաղաղ ապրել․․․ Իրենք միշտ ուզել են մեզ ճնշել, իրենց ստրուկ պահել․․․»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս