«ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում դուրս գալ փողոց՝ ապրիլի 5-ին, ժամը 18։30-ին». Իշխան Սաղաթելյան

Այսօր Ազգային ժողովը հրավիրել է արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։

Նախագծով նախատեսվում է, որ, եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա ՀՀ վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը: Նույն կարգավորումը սահմանվում է նաև նախագծի անցումային դրույթներում, որպեսզի բացառվեն, ասենք, որևէ  համայնքում ղեկավարի ընտրության ձգձգումը կամ նրա գործունեության խաթարումը տարբեր  պատճառներով, ուստի նկարագրված իրավիճակի բացասական հետևանքները կանխելու համար էլ իշխող խմբակցության պատգամավորներն առաջարկում են օրենքում կատարել նշված փոփոխությունները:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն անդրադառնալով այս շրջանում նման նախագծի քննարկմանը՝ հիշեցրեց, որ մարտի 31-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ Արցախում ստեղծված իրավիճակին՝ խոսելով սպառնալիքների, Արցախի հայաթափման, էթնիկ զտման մասին՝ ըստ էության ուղիղ ասելով, որ երկիրը կանգնած է  պատերազմական իրավիճակի առջև։

«Այս ամենից հետո խոսվեց արտահերթ նիստի մասին, և շատ տրամաբանական էր, որ այդ նիստը պետք է լիներ երկրի անվտանգության, պաշտպանության և հնչած խնդիրների վերաբերյալ։ Բայց ի՞նչ ենք այսօր մենք քննարկում, և այդ ֆոնի վրա քաղաքական մեծամասնությունը ինչո՞վ է հանդես գալիս՝ ՏԻՄ օրենքում լրացումներ կատարելով։ Մեր երկրի առաջնային մանդատով օժտված խորհրդարանը՝ երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը, արտահերթ նիստ է հրավիրում Վանաձորի քաղաքապետարանը նվաճելու համար։ Թշնամական զորքերը ներխուժել են Փառուխ, գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող դիրքեր, և մենք այս պահին ինչո՞վ ենք զբաղված խորհրդարանում։ Ուզում եմ շատ պարզ հասկանալ, թե ինչ ուղերձ ենք մենք տալիս ժողովրդին։ Հիմա Ստեփանակերտում, Խրամորթում ապրող արցախցին, հայ մարդը ինչ է մտածում այս խորհրդարանի ու քաղաքական մեծամասնության մասին։ Ես կարող եմ ձեզ մեկ առաջարկ անել՝ եկեք առհասարակ փոխեք Սահմանադրությունը, մեկ է՝ մեծամասնություն եք, ինչ ուզեք՝ կանեք, մեկ է, արդեն կարծես սահմանադրական մեծամասնություն եք։ Փակեք հարցը ու ասեք, որ Երևանի քաղաքապետին, գյուղապետին նշանակում է ՔՊ-ն»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Ըստ նրա, ժողովրդավարության բաստիոն Հայաստանում այդ ամենը լավ արձագանք կստանա, և միջազգային գործընկերները նաև կողջունեն։

«Այս խորհրդարանն ադեկվատ չէ երկրում ստեղծված իրավիճակին ու մարտահրավերներին։ Ինձ մոտ տպավորություն է, որ դուք երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը կազմակերպելու ձեր առաջնային պատասխանատվությունը թողած՝ մտածում եք ձեր իշխանությունն ամրապնդելու մասին։ Ես ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում դուրս գալ փողոց՝ ապրիլի 5-ին, ժամը 18։30-ին Ազատության հրապարակում միասին քննարկենք՝ ինչպես պահենք Արցախը, ինչպես պաշտպանենք Հայաստանը»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։

Տեսանյութեր

Լրահոս