Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է Հայաստանում խոսքի ազատության սահմանափակումների մասին
«2020 թվականի հայ-ադրբեջանական հակամարտության և դրա հետևանքների ընթացքում կատարված խախտումների զոհերի համար պատասխանատվություն կամ արդարադատություն չի եղել։ Շուրջ 36000 էթնիկ հայեր շարունակել են մնալ՝ որպես ներքին տեղահանվածներ: Խաղաղ բողոքի ակցիաները հիմնականում թույլատրվել են Covid-19-ի և ռազմական դրության սահմանափակումների վերացումից հետո, սակայն խոսքի ազատությունը և տեղեկատվության հասանելիությունը շարունակել են սահմանափակվել»,- սրանք Հայաստանին վերաբերող հատվածներ են Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցից:
Այստեղ արձանագրվել են նաև կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները, որոնք սահմանափակում են անկախ մամուլի գործունեությունն ու քննադատական խոսքը։
«Մարտին Ազգային ժողովը վիրավորանքի և զրպարտության համար սահմանված առավելագույն տուգանքը հասցրեց 6 միլիոն դրամի (մոտ 12000 ԱՄՆ դոլար)։ Օգոստոսին օրենսդրական մեկ այլ փոփոխությամբ քրեականացվեց հասարակական գործիչներին վիրավորելը` կրկնակի վիրավորանքի համար պատիժ սահմանվեց մինչև երեք ամիս ազատազրկում:
Սեպտեմբերին ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել այս նոր օրենքով Facebook-ի օգտատերերի դեմ՝ վարչապետին՝ նրա լուսանկարի տակ գրված մեկնաբանությամբ վիրավորելու համար»,- նշված է զեկույցում:
Խիստ քննադատության են ենթարկվել Ադրբեջանի իշխանությունները, այդ թվում՝ պատերազմին առնչվող դրվագներով. Մասնավորապես նշվում է՝ Եվրոպայի խորհուրդը սեպտեմբերին մտահոգություն է հայտնել, որ հայ գերիները շարունակում են պահվել անմարդկային պայմաններում, նրանց նկատմամբ իրականացվում է անարդար, արագ դատավարություն, շուրջ երեսուն հայ գերիների ճակատագիրը մինչ օրս անհայտ է: Հրապարակման մեջ չեն բացառել նաև հայ գերիների հնարավոր սպանությունը:
Հիշեցնենք՝ տարին մեկնարկել էր Հայաստանի մասին մեկ այլ միջազգային կազմակերպությունից հնչող բացասական արձագանքներով. Ամերիկյան The Heritage Foundation-ը «Տնտեսական ազատության ինդեքս-2022» զեկույցում Հայաստանը դասակարգել է 58-րդ տեղում՝ տեղեկացնելով, որ Հայաստանը նորից «չափավոր ազատ» երկրների ցանկում է:
Իսկ թե ինչո՞ւ է Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով հետընթաց ապրել հարցի պատասխանը պետք է փնտրել զեկույցի այն հատվածներում, որտեղ արձանագրվում էր, որ «դատարանները բախվում են համակարգային քաղաքական ազդեցությունների, դատական ինստիտուտները խարխլված են անարդյունավետությամբ և համակարգային կոռուպցիայով, և չնայած իշխանության՝ կոռուպցիայի դեմ պայքարելու ջանքերին, կոռուպցիան մնում է համակարգային»: