Թուրքիայի ազգայնական և էրդողանամետ զանգվածն արդարացնում է ՌԴ-ի ռազմական գործողություններն Ուկրաինայում
Թուրքական հետազոտական «MetroPOLL» կենտրոնը սոցհարցում է իրականացրել՝ պարզելու Թուրքիայի բնակչության դիրքորոշումը ՌԴ-ի կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության վերաբերյալ։ Այդ ռազմագործողությունը հիշյալ կենտրոնը որակում է որպես «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքի օկուպացում»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հարցման մասնակիցների 83.8%-ը չի արդարացնում Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի տարածքում, իսկ մնացած 12.8%-ը՝ Մոսկվայի նախաձեռնած օպերացիան համարում է ճիշտ և արդարացված:
Այս համատեքստում թուրքական կենտրոնի կողմից նշվում է, որ ՌԴ-ի գործողություններն արդարացնողները հիմնականում թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական կազմակերպության քաղաքական թևը ներկայացնող «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունն է, ինչպես նաև ընդդիմադիր «IYI» (Լավ), և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունների օգտին քվեարկածներն են:
Ուշագրավ է, որ ՌԴ-ի գործողություններն արդարացնողներից 27.7 %-ը ԱՇԿ-ական զանգվածից են, 21%-ը «IYI»-ի կողմնակիցներն են, իսկ 14.6%-ը՝ ԱԶԿ-ի աջակիցներ: