Մրցանակների հանձնում և ամուսնության առաջարկ բեմում. կայացավ «Արտավազդ 2022»-ը
Թատրոնի համաշխարհային օրը՝ մարտի 27-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որը 2022-ին նվիրված էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:
Մինչ հայտնի կդառնային բաղձալի մրցանակի դափնեկիրները, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն ասաց՝ համոզված է, որ մրցանակաբաշխությունը մեկ անգամ ևս կհաստատի հայ ժամանակակից թատրոնի զարգացումները, արդեն հայտնի անունների կողքին կներկայացնի նոր ու հետաքրքիր դեմքերի:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ, շնորհավորելով թատերարվեստի գործիչներին մասնագիտական տոնի առթիվ, նշեց, որ մարդկային երևակայության և ստեղծարար մտքի ամենանվիրական դրսևորումներից է թատրոնը, որը, երկխոսելով ժամանակների և շրջապատող իրականության հետ, մարդկությանը մշտապես մղել է դեպի գեղեցիկն ու բարին, վեհն ու ազնիվը: «Դժվար է գերագնահատել թատրոնի դերն ու նշանակությունը մեր մշակութային կյանքում, քաղաքամայր Երևանի մշակութային առաջընթացի ու զարգացման գործում, և հենց այդ գիտակցումով Երևանի քաղաքապետարանը մշտապես կանգնած է թատերական բոլոր կազմակերպությունների կողքին»,- շեշտեց նա ու հավելեց, որ իր խոսքի վառ ապացույցը նաև մրցանակաբաշխությունն է, որը կյանքի է կոչվել բոլորի համատեղ ջանքերով:
Քաղաքապետն ընդգծեց, որ միշտ սատարելու են թատրոնի զարգացմանը և այդ ուղղությամբ արդեն քայլեր են իրականացրել: «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում թատրոնների վերազինման, տեխնիկական հագեցվածության ապահովմանը՝ հարմարավետ միջավայր ստեղծելու համար: 2021-2022-ին սկսվել են Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի հիմնանորոգման աշխատանքները, որին զուգահեռ նախատեսված է տեխնիկական հագեցվածության աշխատանքների իրականացում: Առաջիկայում ավարտին կհասցնենք Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնանորոգման աշխատանքները»,-տեղեկացրեց Սարգսյանը՝ նորանոր ձեռքբերումներ մաղթելով թատերական գործիչներին:
Երաժշտական կատարումներով հագեցած մրցանակաբաշխությանը «Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում մրցանակի արժանացավ Աղասի Մելքոնյանի «Կոկորդիլոսը» (Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն):
«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում հաղթեց Էվա Խաչատրյանը՝ «Հինգ պատմություն սիրո մասին» բեմադրության մեջ կնոջ դերի համար (Կամերային թատրոն):
«Լավագույն երիտասարդ դերասան» ճանաչվեցին Հարություն Սարգսյանը՝ «…և նորից Գարուն» բեմադրության մեջ Մաքի դերի համար (Ս. Սարգսյանի անվ. համազգային թատրոն) և Գոռ Համբարձումյանը՝ «Սկապենի արարքները» ներկայացման մեջ Արգանտի դերի համար (Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոն):
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում հաղթեց Մերի Սարգսյանը՝ «Ճախրող լամպը» բեմադրության համար (Ս. Սարգսյանի անվ. համազգային թատրոն):
«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում մրցանակի արժանացավ Սամսոն Մովսեսյանի «Երեք քույր» բեմադրությունը (Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոն):
«Լավագույն թատերագիտական հոդված» համարվեց Քրիստինե Պողոսյանի «Հաջողված թռիչք»-ը:
«Լավագույն սցենոգրաֆիա և զգեստների նկարիչ» անվանակարգում «Արտավազդի» արժանացավ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը՝ Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնում բեմադրված «…և նորից Գարուն» ներկայացման համար:
«Երաժշտության լավագույն հեղինակ» անվանակարգում հաղթեց Վահե Գրիգորյանը՝ Կամերային թատրոնի «Կեսարի խրախճանքը» բեմադրության համար:
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» համարվեց Էդգար Քոչարյանը՝ «Երկիր հայրենի» բեմադրության մեջ Վեստ Սարգսի դերի համար (Վանաձորի Հ.Աբելյանի անվ. դրամատիկական թատրոն):
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Արտավազդը» տրվեց Արմինե Անդրեասյանին՝ «…և նորից Գարուն» ներկայացման մեջ միսս Մարթայի դերի համար (Ս. Սարգսյանի անվ. համազգային թատրոն) և Հասմիկ Սուվարյանին՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվ. թատրոնի «Մաուգլի» ներկայացման մեջ Բագիրայի դերի համար:
«Լավագույն դերասանուհի» ճանաչվեցին Մարիամ Ղազանչյանը՝ Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնի «Երեք քույր» ներկայացման մեջ Մաշայի դերի համար և Ելենա Վարդանյանը՝ Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացման մեջ առաջին կնոջ դերի համար:
«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակների արժանացան Արթուր Կարապետյանը՝ Հ.Պարոնյանի անվ. թատրոնի «Ներոն և Սենեկա» ներկայացման մեջ Ներոնի դերի համար և Սենիկ Բարսեղյանը՝ Կամերային թատրոնի «Կեսարի խրախճանքը» բեմադրության մեջ Ներոնի դերի համար:
«Լավագույն պլաստիկ ներկայացում» անվանակարգում հաղթեցին «Նարեկ» պարային համույթի «#44»-ը, որի խորեոգրաֆներն են Արման Ջուլհակյանն ու Արա Ասատուրյանը և Մնջախաղի թատրոնի «ՍինSIN»-ը, որի բեմադրիչը Կարեն Խաչատրյանն է:
«Լավագույն ներկայացում» ճանաչվեց Կամերային թատրոնի «Համլետ» ներկայացումը, որի բեմադրիչը Արա Երնջակյանն է: Մրցանակը ստանալու համար բեմ բարձրացավ ոչ միայն Արա Երնջակյանը, այլև բեմադրության մեջ ընդգրկված բոլոր դերասանները: Երիտասարդ դերասան Դավիթ Աբրահամյանը հենց բեմում ամուսնության առաջարկություն արեց դերասանուհի Ժաննա Քոչարյանին, որը շատ հուզված էր:
Հիմնական անվանակարգերից բացի հանձնվեցին նաև հատուկ մրցանակներ:
Ավետ Ավետիսյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ Արմեն Մարությանը:
«Թատերարվեստին անբասիր ծառայության համար» «Արտավազդ» մրցանակներ շնորհվեցին Ջուլիետա Բաբայանին, Հարություն Մովսիսյանին, Հայկուհի Խուդավերդյանին, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանին, Սվետլանա Կոնստանտինովային:
«Արտավազդ» հատուկ մրցանակի արժանացան Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնը և Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մաուգլի» ներկայացումը:
Մրցանակաբաշխության փորձագետների կազմում էին արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը, Առաջին ալիքի գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը, բեմադրիչ Գոռ Մարգարյանը, վաստակաշատ մենապարող Հրաչյա Բադալյանը։
Թատերական երեկոյի բեմադրիչը Արթուր Մանուկյանն էր:
Մրցանակաբաշխությունն անցկացվեց Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ: