ՔՊ-ում մեծից փոքր տիրապետում են մանիպուլյացիաների արվեստին. Ռուստամ Բաքոյանի անհաջող արդարացումը
Վեդի խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Արարատի նախկին մարզպետ և այժմ Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, Նիկոլ Փաշինյանի սանիկ ու մտերիմ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Գարիկ Սարգսյանին ընտրած ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը վստահ է՝ ժողովրդի քվեն հաղթելու է:
Իրենց համար թիվ մեկ կարևորությունը ազատ, անկախ ընտրոթյունների ընթացքն է, և իրենք դա ապահովում են: Ինքն ակնկալում է ՔՊ-ի հաղթանակը:
Ըստ նրա՝ շատ ակտիվ չի քննարկվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ մարտի 23-ին Գարիկ Սարգսյանի քարոզարշավին մասնակցության թեման, երբ Արցախում իրավիճակը կտրուկ սրվել էր:
«Քննարկվել է որոշ շրջանակների կողմից, ներողություն եմ խնդրում, բայց այդ թվում՝ նաև ձեր կողմից»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը՝ նայելով 168.am-ի խոսափողին:
Ռուստամ Բաքոյանի խոսքով՝ Սուրեն Պապիկյանն ակտիվ դերակատարություն չի ունեցել, և սրա մասին լուրեր տարածողները պարզապես, մեղմ ասած, ստում են, որովհետև Պապիկյանն ընդամենը աշխատանքից հետո՝ ոչ աշխատանքային ժամի, կարճ հանդիպում է ունեցել Վեդի համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվի հետ:
Պատգամավորը պնդեց նաև, որ մարտի 23-ին, երբ տեղի է ունեցել այդ հանդիպումը, իրավիճակն Արցախում, որևէ միջադեպ կամ նման պրոցես չի եղել:
«Այդ օրը որևէ միջադեպ տեղի չի ունեցել: Դրան հաջորդող օրն է տեղի ունեցել»,- ասաց Ռուստամ Բաքոյանը՝ ըստ ամենայնի նկատի ունենալով Փարուխի հետ կապված դեպքերը, որոնք, ըստ նրա՝ փաստորեն ընդամենը միջադեպ էին:
ՔՊ-ական պատգամավորի համար հավանաբար ոչինչ չի նշանակում դրանից առաջ օրեր շարունակ Փարուխի հարևան գյուղի՝ Խրամորթի հետ կապված իրավիճակը, երբ ադրբեջանական զինուժի ահաբեկչության արդյունքում, ի վերջո, կանանց ու երեխաներին ստիպված եղան տեղահանել:
Լրագրողի խնդրանքին՝ հիշել դեպք, երբ ՀՀ պաշտպանության նախկին նախարարներից որևէ մեկը ներգրավված է եղել ընտրարշավում, Ռուստամ Բաքոյանը կրկին դիմեց մանիպուլյացիաների արվեստին:
«Դուք նորից խեղաթյուրում եք, որովհետև ընտրարշավին ներգրավված չի եղել պարոն Պապիկյանը: Այդ հանդիպումը հանդիպում չի ընտրողի հետ: Այդ հանդիպումը հանդիպում է Վեդի համայնքի կամ մեր տարածաշրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվի հետ»,- ասաց Ռուստամ Բաքոյանը՝ խնդրելով չխեղաթյուրել:
Փաստացի, ըստ Ռուստամ Բաքոյանի, քարոզարշավի ժամանակ տարածքի կուսակցական ակտիվի հետ հանդիպումը, նրանց ցուցումներ տալը քարոզարշավին մասնակցություն չէ և ոչ էլ հանդիպում է ընտրողների հետ: Կարելի է մտածել, որ մարզի՝ ՔՊ-ի կուսակցական ակտիվը Զիմբաբվեում է ընտրությունների մասնակցելու:
Ի դեպ, Ռուստամ Բաքոյանին հիշեցրին, որ իրենց թեկնածուն՝ Գարիկ Սարգսյանը, խուսափեց լրատվամիջոցների հետ շփվել:
Հետաքրքիր է՝ ինչո՞ւ Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի հավակնություններ ունեցող անձը չցանկացավ շփվել լրագրողների հետ: Մի՞գուցե վախեցավ անհարմար հարցերից, այդ թվում նաև, թե ով և ինչի համար է իրեն նվիրել ՌԴ-ի Խիմկի քաղաքում գտնվող նրա անշարժ գույքը: