«Յաա, չգիտեի՞ք, որ Պաշտպանության նախարարը մինչև ժամը 19:00-ն է աշխատում». արալեզցիները հեգնում են Պապիկյանին

Արարատի մարզի Արալեզ գյուղում այսօր ընտրում են Վեդի խոշորացված համայնքի ղեկավար: Արալեզի 10/13 ընտրատեղամասում գրանցված է 1778 ընտրող: Ընտրատեղամասում դռները բացվել են ուղիղ ժամը 08:00-ին: Հանձնաժողովի նախագահ Գոհար Չաթոյանը 168.am-ին փոխանցեց, որ այդ պահին ընտրությանը մասնակցել է 21 ընտրող՝ հավելելով, որ գյուղում մարդկանց հոսքը կակտիվանա կեսօրից հետո, սովորաբար այդպես է եղել: Նաև ընդգծեց, որ ակնկալում են բնակչության 50 տոկոսի մասնակցություն:

Հիշեցնենք, որ  ընտրապայքարին մասնակցում է երկու ուժ` «Իմ հզոր համայնքը»` Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ, և Նիկոլ Փաշինյանի  «Քաղաքացիական պայմանագիրը»` նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ:

Արարատի գործող մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընտրատեղամասի դռները բացվելուց անմիջապես եկավ,  քվեարկեց  և արագ հեռացավ:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ նախարարներով, փոխնախարարներով, այլ գերատեսչությունների ղեկավարներով, օրեր շարունակ մասնակցում էր Գարիկ Սարգսյանի քարոզարշավին:

Այն օրերին, երբ թշնամին Արցախի Փառուխ և Խրամորթ գյուղերի ուղղությամբ առաջ էր գալիս և կրակում խաղաղ բնակավայրերի վրա, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի սանիկ Գարիկ Սարգսյանի ընտրարշավին:

Արալեզ գյուղում ընտրություններին մասնակցող արալեզցիներից շատերի մոտ այդ հանգամանքը զարմանք ու զայրույթ էր հարուցել:

Արալեզի բնակիչներից մեկը հեգնանքով ասաց. «Յաա, չգիտեի՞ք, որ Սուրեն Պապիկյանը մինչև ժամը 19:00-ն է աշխատում»:

Երբ հավաքվածերը հարցրեցին՝ ինչո՞ւ, նա մանրամասնեց.

«Մարդիկ հարցնում են, թե Պապիկյանն ի՞նչ գործ ունի՝ քարոզարշավի է մասնակցում, մեր պաշտոնյաները պատասխանում են, թե նա քարոզարշավին մասնակցել է ժամը 19:00-ից հետո: Ստացվում է, որ մեր պաշտպանության ոլորտի մինիստրը մինչև այդ ժամն է աշխատում»:

Նշենք նաև, որ բնակչության սրտով չեն նաև ընթացող ընտրությունները, քանի որ նրանց խոսքով` պետությունն անիմաստ գումար է վատնում՝ ամիսը մեկ ընտրություններ կազմակերպելով: Մինչդեռ երկիրն այնպիսի վիճակում է գտնվում, որ այդ գումարներով կարող էին հազար ու մի հարց լուծել:

Հիշեցնենք, որ  Վեդի խոշորացված համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների համար Կառավարության պահուստային ֆոնդից  օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը 10 միլիոն դրամ էր հատկացրել ՀՀ Ոստիկանությանը։

Հիշեցնենք նաև, որ Արարատի մարզի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն է այժմ Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը, որը նոր պաշտոնը ստանձնելուց հետո միանգամից որոշել էր ազատվել իր հրաժարականը պահանջած համայնքապետերից և Վեդի խոշորացված համայնքի 16 գյուղերում վարչական նոր ղեկավարներ էր նշանակել։

Ուշագրավ է, որ մարտի 27-ին կայանալիք ընտրություններից առաջ, մասնավորապես, մարտի 2-ին և 3-ին Գարիկ Սարգսյանի որոշմամբ 10-ից մինչև 40 հազարական դրամ էր բաժանվել Վեդի համայնքի տասնյակ բնակիչների՝ որպես սոցիալական օգնություն։

Համեմատության համար հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ևս ընտրություններից առաջ անապահովներին գումար էր բաժանել, բայց դա իշխանությունը որակել էր ոչ թե աջակցություն՝ անապահովներին, այլ՝ ընտրակաշառք, և դրա հիմքով Առուշանյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, 2021 թվականի հուլիսից էլ նա զրկվել  է ազատությունից և առ այս պահը կալանավայրում է։

Փաստորեն, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Առուշ Առուշանյանի կողմից անապահովներին բաժանած գումարը ընտրակաշառք էր, իսկ իր սանիկ Գարիկ Սարգսյանի բաժանածը՝ ո՞չ:

Տեսանյութեր

Լրահոս