«Վայ, անձնագիրս մոռացա». Տափերականում ՏԻՄ ընտրություն է…
Վեդի խոշորացված համայնքում տեղի են ունենում ՏԻՄ արտահերթ ընտրություններ, որոնց մասնակցում է երկու քաղաքական ուժ՝ «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ ՔՊ-ի նախընտրական ցուցակը գլխավորում է Վեդի համայնքի ղեկավարի ԺՊ, Արարատի նախկին մարզպետ, ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ Գարիկ Սարգսյանը։
Իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակի առաջին համարը Սիսավան համայնքի նախկին ղեկավար Սպարտակ Թարթիկյանն է։
ԿԸՀ տեղեկատվության համաձայն՝ Վեդի համայնքում կայանալիք համամասնական ընտրակարգով ընտրությունների ընտրողների թիվը 21․01․2022թ․դրությամբ կազմում է 37,198։ Տափերականի 13/16 ընտրատեղամասում 1398 ընտրող է, ժամը 9:00-ի դրությամբ հանձնաժողովի նախագահ Հովսեփ Միքայելյանը փոխանցեց, որ ընտրությանը մասնակցել է 45 հոգի։
Նշենք, որ հիմնականում մինչ այս պահն ընտրությանը մասնակցում են 60 տարեկանից բարձր անձինք։ Նրանցից մեկն այնքան էր շտապել ընտրության, որ անձնագիրը մոռացել էր։
«Վայ, անձնագիրս մոռացա»,- ասաց ներս մտած բնակիչներից մեկն ու արագ դուրս եկավ։
Դրսում կուտակումներ չկան, սակայն մեքենաներից մեկի վրա փակցված էր ՔՊ թեկնածուներից Կարեն Խաչատրյանի լուսանկարը, ինչը օրենքի խախտում է։
Մեր տեսախցիկն այն ֆիքսեց ժամը 08:45-ի սահմաններում, ժամը 09:00-ի դրությամբ այն հեռացվեց տարածքից։