Քրիստոս լա՞վն է
Այս հարցը երբևէ տվե՞լ ենք մեզ, թե՞ վախեցել ենք տալ կամ խորհել այս մասին։ Կհարցնենք՝ իսկ ինչո՞ւ պիտի վախենայինք այս հարցին առերեսվելուց, չէ՞ որ որպես իրական քրիստոնյաներ կասկած անգամ չունենք այն մասին, որ Քրիստոս լավն է։ Եվ վախենալու ի՞նչ կա մեր օրերում, երբ վաղուց անցել են այն ժամանակները, երբ Քրիստոսի հետևորդը լինելու համար մարդիկ պատժի, նահատակության էին արժանանում: Ուրեմն՝ ինչո՞ւ պիտի վախենանք։
Այս հարցը, թե արդյոք վախենում եմ ասել, որ Քրիստոս լավն է, տանք ինքներս մեզ։ Երբ ոչ թե դեպի դուրս՝ արտաքին աշխարհին, այլ դեպի ներս՝ մեր ներքին աշխարհին ենք ուղղում հարցը, պատասխանը դառնում է հաստատուն՝ այո՛, վախենում ենք։
Կասկած չկա այն հարցում, որ Քրիստոս լավն է։ Այդ պարզ հարցին կարող է պատասխանել ամեն ոք, ով հավատում է Քրիստոսին։ Սակայն ո՞վ է այժմ տալիս նման հարց։ Այս հարցն առհասարակ չտալը վկայում է վախի մասին, որ ունենք։ Ուրեմն՝ ինչո՞ւ ենք վախենում։
Պատասխանը պարզ է՝ քանի որ խուսափում ենք պատասխանատվությունից, որը բխելու է մեր անկեղծ ու ճշմարիտ պատասխանից։ Չէ՞ որ եթե Քրիստոս լավն է, լավագույնն է, ապա պիտի պատասխանատության կանգնենք՝ որպես Նրա խոսքը, պատգամները դրժողներ։
Ավետարանական այս հատվածում մարդիկ խորհում էին այս հարցի շուրջ՝ բարձրաձայնելով․ «Ժողովրդի մեջ նրա մասին քրթմնջյուն կար. ոմանք ասում էին՝ «Լավն է», ուրիշներն ասում էին՝ «Ո՛չ, ընդհակառակը, ժողովրդին մոլորեցնում է»» (Հովհաննես 7.12),- գրում է Հովհաննես Ավետարանիչը։
Մեր առաջ է պատասխանատվությունը՝ մեր գործած սխալների, որտեղ էլ որ լինենք։ Ուրեմն՝ չկորցնենք ժամանակը և խիզախենք ինքներս մեզ հարցնելու՝ Քրիստոս լա՞վն է։
Միայն մի բան պիտի անենք ամեն անգամ, երբ մեղք ենք գործում, երբ հանդիպում ենք չարին, երբ մոլորվում ենք, ընկնում այս ու այն մոլորությունների գիրկը։ Միայն մի բան է մնում մեզ անել ամեն անգամ, երբ խաբում ենք, ստում, երբ ուրանում ենք, երբ կասկածում ենք։ Մի գործ ունենք միայն անելու, երբ խուսափում ենք մեղքի պատասխանատվությունից, չենք զղջում, չենք ապաշխարում, չենք խնդրում թողությունը, երբ մեր արարքն արդարացնում ենք չիմացությամբ: Ո՞րն է մեր միակ անելիքը: Հոգու աչքերը հառել դեպի վեր՝ Տերը, դեպի ներքև՝ ինքներս մեր փոքրագույն եսը, և խիզախելով հարցնել՝ Քրիստոս լա՞վն է։ Տա՛լ այս հարցի պատասխանը և ստանձնե՛լ պատասխանատվություն մեր արարքների համար: