Կրակոցներ՝ Երևանում․ ոստիկանությունը մանրամասներ է հաղորդում
ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն մարտի 26-ի ժամը 05:08-ից տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ Այգեստանի 9-րդ փողոցում կրակոցի ձայներ են լսվում: ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 30-ամյա տղամարդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել, ինչից հետո շարժվել է Ալեք Մանուկյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի ուղղությամբ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողը Նալբանդյան 130 հասցեի մոտ նկատել է ինքնաձիգով զինված քաղաքացուն և, չգտնվելով ծառայության մեջ, հետապնդել է նրան, ապա կանգնեցնելով՝ սկսել է բանակցել, որ զենքը հանձնի իրեն: Բանակցությունների արդյունքում տղամարդը ոստիկանին է հանձնել ինքնաձիգը, ինչի մասին ոստիկանը հաղորդել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, ապա մոտեցած պարեկներին է հանձնել տղամարդուն և ինքնաձիգը:
Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Այգեստանի 9-րդ փողոցում՝ դեպքի վայրում, զննությամբ հայտնաբերվել են 7,62 մմ տրամաչափի 8 պարկուճ, ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով և կրակոցների հետևանքով վնասված «Մերսեդես» մակնիշի մեքենա: Տղամարդուց վերցված ինքնաձիգը լիցքավորված էր 7,62 մմ տրամաչափի 11 փամփուշտով: Տղամարդու մոտ հայտնաբերվել է նաև ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 29 փամփուշտով: 30-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: