«Արցախում զբոսաշրջությունը խաղաղապահ ուժերի գործունեության հայելին է». Մեխակ Ապրեսյան
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի կարծիքով՝ Արցախում զբոսաշրջության զարգացումը մի շարք դրական էֆեկտներ կունենա:
«Եթե Արցախում կարողանանք ապահովել կայուն, անխափան, կանխատեսելի, թափանցիկ զբոսաշրջություն, և՛ տնտեսական, և՛ հումանիտար, և՛ մշակութային ժառանգության պահպանության հարցերի լուծմանը կնպաստենք: Որքանով էլ շատերը փորձեն աշխարհին այլ կերպ ներկայացնել, փորձեն բնաջնջել, չի հաջողվելու, որովհետև այնտեղ լինելու է զբոսաշրջություն: Նաև՝ քաղաքական լուրջ խնդիր կլուծվի՝ մենք այնտեղ ունենք ռուսական խաղաղապահ կոնտինգենտ. Արցախում զբոսաշրջությունը խաղաղապահ ուժերի գործունեության հայելին է: Ես խոսքս ուղղում եմ մեր ռուս գործընկերներին և խաղաղապահ ուժերին. այո, Արցախում զբոսաշրջությունը խաղաղապահ ուժերի գործունեության հայելին է, և այստեղ պետք է ապահովել ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների այցելությունները, այլ նաև օտարերկրյա զբոսաշրջիկների անխափան այցելությունները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ապրեսյանի խոսքով՝ օտարերկրացին գալով Արցախ՝ տեսնելու է գեղեցիկ երկիր, բարի ժողովուրդ, անվտանգ միջավայր, այդ մասին ներկայացնելու է բոլորին.
«Դա կնշանակի, որ խաղաղապահ ուժերն իրենց գործը փայլուն կատարում են: Դրա ուղղությամբ է պետք մտածել»:
Անդրադառնալով ռուսների մեծ ներհոսքին Հայաստան, նա նշեց, որ դա կարող է որոշակի դրական ազդեցություն ունենալ տնտեսության վրա. «Նրանք, ովքեր գալիս և հիմնավորվում են այստեղ, արդեն զբոսաշրջիկ չեն համարվում, բայց ծառայությունների կարիք են ունենում, այստեղ աջակցությունը կլինի այն, որ պահանջարկի հետ կապված սպասարկումների հնարավորություններն ընդլայնենք: Մասնավոր սեկտորն այս ուղղությամբ իր խնդիրները կարողանում է կատարել և ապահովել այդ ծառայությունները»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում