Բացահայտվել են խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության և կաշառք տալու փորձի դեպքեր
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության և կաշառք տալու փորձի դեպքեր:
Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, նշելով, որ գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Արշակ Կարապետյանը, մտերիմ հարաբերություններ ունենալով Ս. Առաքելյանի ընտանիքի անդամների հետ, տեղեկացել է վերջինիս հոր` Ստեփան Առաքելյանի կողմից Երևան քաղաքում մահվան ելքով վրաերթ կատարելու դեպքի մասին: Ընդունելով գումարի դիմաց հորը քրեական պատասխանատվությունից ազատելու հարցում օժանդակելու Ս. Առաքելյանի առաջարկը՝ Արշակ Կարապետյանը որոշել է դիմել խարդախության և վերջինիս տեղեկացրել է, թե իբր կաշառքի դիմաց պայմանավորվածություն է ձեռք բերել նախաքննությունն իրականացնող քննիչի հետ` հիշյալ քրեական գործով վարույթը կարճելու շուրջ:
Ա. Կարապետյանը Ս. Առաքելյանից և նրա ծնողներից պահանջել է իր բանկային հաշվեհամարին նախ փոխանցել 100.000 ՀՀ դրամ, որը ստանալուց հետո նույն նպատակով պահանջել է նաև 522.600 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար՝ քննիչին որպես կաշառք տալու պատրվակով:
Չարաշահելով հիշյալ անձանց վստահությունը` Ա. Կարապետյանը նրանցից ստացել է ընդհանուր 365.000 ՀՀ դրամ, որը ծախսել է անձնական կարիքների համար, սակայն խոշոր չափերով գումարի հափշտակությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ չի ստացել գումարի մնացած մասը՝ իր կողմից կատարված արարքը բացահայտվելու մտավախությունից ելնելով:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արշակ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ստեփան Առաքելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով:
Երկու մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: