«Հարցը հետևյալն է՝ արդյո՞ք ռուսական կողմն ադրբեջանական կողմից պահանջում է վերադառնալ ելման կետեր, թե՞ ոչ». Էդուարդ Աղաջանյան
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ Հայաստանին Ադրբեջանի ներկայացրած 5 կետից բաղկացած առաջարկներն իրենք որպես նախապայման չեն դիտարկում։
«Մենք դա ընկալում ենք՝ որպես օրակարգի ձևավորում, եթե դա այդպես չէ, ապա դրան նաև զուգահեռաբար մենք հայտարարել ենք, որ հայկական կողմի համար որևէ նախապայման մինչև բանակցությունների սկիզբն անընդունելի է։ Նույն տրամաբանությամբ, մենք լրացնող առաջարկով հանդես ենք եկել և այդ առաջարկը փոխանցել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և նրանց միջոցով՝ Ադրբեջանին։ Դրանք ոչ թե նախապայմաններ են, այլ հնարավոր օրակարգ, կամ, եթե կուզեք հիմք՝ բանակցությունները սկսելու համար։ Ես իմ վերջին հարցազրույցում ասել եմ, որ պետք է քննարկվեն դիրքորոշումներ, մոտեցումները: Բայց դրան զուգահեռ՝ պետք է արձանագրվի, որ որևէ նախապայման չպետք է առաջ քաշվի։ Ինչ վերաբերում է «կարմիր գծերին», ապա դրանք պետք է քննարկվեն, առաջ քաշվեն բուն բանակցային գործընթացի ընթացքում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Աղաջանյանը։
Ըստ նրա՝ Արցախում այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել ռուս խաղաղապահների պատասխանատվության ներքո գտնվող տարածքում, և սա իր գնահատականը չէ և որևէ մեկի սուբյեկտիվ գնահատականը չէ, այլ իրողություն է, որը փաստագրված ու հաստատված է համապատասխան հայտարարության տեսքով, որի համահեղինակը նաև ռուսական կողմն է։
«Հայկական կողմը միշտ գործընկերային է եղել իր դաշնակից Ռուսաստանի հետ բոլոր մակարդակներում, մասնավորապես՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում, և Ռուսաստանը հանդիսանում է տվյալ տարածքում հայ բնակչության անվտանգության երաշխավոր։ Հետևաբար՝ հասարակության մոտ օբյեկտիվ հարցեր են առաջանում, թե ինչու ռուսական կողմը գործնականում չի կարողանում կամ չի արդարացնում այն ակնկալիքները, որոնք ունի հանրությունը և պաշտոնական մակարդակում՝ հայկական կողմը։ Ռուսական կողմից մինչ այս պահը որևէ պաշտոնական դիրքորոշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ չկա։ Մենք ակնկալում ենք, որ կլինի մոտ ապագայում։ Հարցը հետևյալն է՝ արդյո՞ք ռուսական կողմն ադրբեջանական կողմից պահանջում է վերադառնալ ելման կետեր, թե՞ ոչ։ Սա, թերևս, ամենակարևոր հարցն է»,- ընդգծեց Էդուարդ Աղաջանյանը։