«Մեր կարևորագույն առաքելությունը որևէ պարագայում «խաղաղության օրակարգից» չշեղվելն է». Էդուարդ Աղաջանյան
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում փորձում էր վստահեցնել, որ Արցախի հարցին վերաբերող ամեն ինչ հրապարակային է, կուլիսային որևէ բան տեղի չի ունենում։
«Այս գործընթացն ամբողջովին հրապարակային է, և Ադրբեջանի կողմից այդ 5 կետանոց առաջարկի հրապարակումից հետո, ըստ էության, ամբողջ գործընթացը եղել է հրապարակային։ Հայաստանի դիրքորոշումն արտահայտվել է բազմիցս Արտաքին գործերի նախարարի կողմից, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, կարծում եմ՝ սպառիչ պատասխաններ տրվեցին։ Կուլիսային գործընթաց չկա, և բացառված է, որ լինի։ Բնականաբար, այդ կետերը չէին հրապարակվում, նախքան Ադրբեջանի կողմից դրանց հրապարակումը»,- նշեց Էդուարդ Աղաջանյանը։
Միաժամանակ իշխանական պատգամավորն ընդգծեց, որ ժամանակը բավականին խոսուն է, քանի որ Հայաստանի արտգործնախարարի արտահայտած դիրքորոշումից հետո, որ Ադրբեջանի առաջարկները հայկական կողմի համար ընդունելի են, թեև դրանք ամբողջությամբ չեն հասցեագրվում համապարփակ «խաղաղության օրակարգին», հենց նույն օրը երեկոյան ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ փակեց գազը։
«Սա բավականին խոսուն օրինակ է առ այն, որ այն օրինակը, մասնավորապես՝ խաղաղության օրակարգը, որի սպասարկմանն է միտված ՀՀ իշխանությունների գործունեությունը, որևէ կերպ չի կիսվում ադրբեջանական կողմից։ Չնայած հրապարակային խոսույթում ադրբեջանական կողմը միջազգային հանրության առաջ ներկայանում է՝ որպես խաղաղության հաստատման ջատագով ու կողմնակից։ Սակայն գործնականում մենք տեսնում ենք ուղիղ հակառակ գործողություններ»,- շեշտեց Է. Աղաջանյանը։
Նա նաև հավելեց, որ չնայած այս ամենին՝ հայկական կողմը շարունակելու է առաջ տանել «խաղաղության օրակարգը»։
«Այս օրակարգը, մեր խորին համոզմամբ, բխում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերից, ինչը հաստատվել է վերջին խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացիների մեծամասնության կողմից։ Մեր կարևորագույն առաքելությունը, մեր խորին համոզմամբ՝ որևէ պարագայում այդ օրակարգից չշեղվելն է, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, մենք գնահատում ենք որպես սադրանք և գործողություններ՝ միտված ամեն կերպ հեղինակազրկելու այդ օրակարգը, որի կարևորության մասին ՀՀ կառավարությունը բազմիցս խոսել է»,- ընդգծեց նա։