Բաժիններ՝

Ուկրաինան և Ռուսաստանը բանակցությունների 6 կետերից 4-ի դեպքում մոտ են կոնսենսուսի հասնելուն. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելից վերադառնալիս, ուր մեկնել էր մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը բանակցությունների 6 կետերից 4-ի դեպքում մոտ են կոնսենսուսի հասնելուն: Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նա նշել է, որ Անկարան հենց սկզբից մեծ ջանքեր է գործադրել Ուկրաինայի պատերազմին վերջ տալու համար։

Էրդողանը նշել է, որ այդ ջանքերի շրջանակում ինքը բանակցություններ է վարել բազմաթիվ առաջնորդների հետ, և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկ անգամ չէ, որ հանդիպել է այլ երկրների գործընկերների հետ։

Նա հիշեցրել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հանդիպումը, որը կազմակերպվել էր Անթալիայում թուրքական կողմի ջանքերով։

«Թուրքիայի զբոսաշրջային մայրաքաղաքում եռակողմ հանդիպումից հետո Չավուշօղլուն այցելել է Մոսկվա և Լվով: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը եւս մեկ անգամ չէ, որ քննարկել է այդ թեման գործընկերների հետ»,-ասել է Էրդողանը։

«Կապերը շարունակվում են։ Այս ամենը, անկասկած, դարձել է երաշխավորի ու միջնորդի դերում հանդես գալու Թուրքիայի կարողության լավագույն օրինակը»,- հավելել է նա:

Վերադառնալով Մոսկվայի և Կիևի բանակցային գործընթացի թեմային՝ Էրդողանը նշել է այն հարցերը, որոնց շուրջ կոնսենսուս կա կամ չկա։

«Կարծում եմ՝ բանակցություններում չորս կետերի շուրջ կա կոնսենսուս։ Առաջին կետը վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։ Սկզբում Ուկրաինան պնդում էր անդամակցել դաշինքին, սակայն հետագայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սկսեց խոսել հրաժարվելու հնարավորության մասին։ Մեկ այլ կետ վերաբերում է Ուկրաինայում ռուսաց լեզվի ընդունմանը որպես պաշտոնական լեզու։ Սրա հետ համաձայնել է Զելենսկին։ Ռուսերեն արդեն խոսում են գրեթե ողջ Ուկրաինայում։ Այս առումով խնդիրներ չկան»,-հավելել է նա:

Էրդողանի խոսքով՝ հակամարտող կողմերի քննարկած մեկ այլ կարեւոր թեմա վերաբերում է Ուկրաինայի ապառազմականացմանը։

«Իհարկե, Ուկրաինան պետություն է, ուստի ամբողջովին զինաթափման ընդունումը բացառվում է։ Բայց այս հարցում նույնպես անհասկանալի կողմեր չկան։
Այսինքն՝ ուկրաինական կողմը հայտարարել է, որ կարող է որոշակի զիջումների գնալ նաեւ այս հարցում։ Բանակցությունների չորրորդ կետը վերաբերում է հավաքական անվտանգությանը: Ուկրաինան այս առումով նույնպես դրական մոտեցում է ցուցաբերել»,- շարունակել է Էրդողանը։

Սակայն, ըստ նրա, Ղրիմի եւ Դոնբասի հարցում դեռեւս կոնսենսուս չկա։

«Արդյունքում Զելենսկին առաջարկել է Դոնբասի հարցով հանրաքվե անցկացնել: Ինչ վերաբերում է Ղրիմին, ապա Թուրքիան ի սկզբանե բացահայտ ու հստակ դեմ է արտահայտվել թերակղզու օկուպացմանը»,-նշել է Էրդողանը։

Էրդողանը մանրամասնել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ անձամբ է բարձրաձայնել Անկարայի դիրքորոշումն այս հարցում։

«Բայց այն ժամանակ Արևմուտքն այս թեմայի վերաբերյալ այնքան հստակ դիրքորոշում չուներ, որքան այսօր։ Այս ամենը մեզ հետ տեղի ունեցավ այսօր, քանի որ Արևմուտքը չէր ընդունել նման դիրքորոշում»,- հավելել է Թուրքիայի ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս