Մեր մտքով չէր անցնում, որ նման խնդրի առջև կկանգնենք. Պատճենահանման կետերում թղթի մեկ էջը տպելու գինը բարձրացել է
Մամուլում մարտի 24-ին տեղեկություն տարածվեց, որ Հայաստանում A4 ֆորմատի թղթի դեֆիցիտ կարող է առաջանալ։ Սակայն ոչ թե կարող է, այլ արդեն առաջացել է:
Պատճենահանման կետերում, մոտ երկու շաբաթ է՝ մատակարարող ընկերությունները թուղթ չեն մատակարարել: Սա, ըստ նրանց՝ պայմանավորված է Ռուսաստանից ներկրելու դժվարությամբ, եղանակային պայմանների հետևանքով Լարսի փակ լինելու հանգամանքով:
Իսկ քանի դեռ նոր խմբաքանակը չի եկել՝ A4 ֆորմատի թղթի մեկ էջի պատճենումն արժե 20 դրամ՝ նախկին 10 դրամի փոխարեն, իսկ եթե երկկողմանի են տպում, ապա 15 դրամ:
«Թուղթ ունենք, բայց շուտով կվերջանա, մեր հայերն էլ գալիս են ու միակողմանի են ուզում հիմնականում, դրա համար թուղթը շուտ է վերջանում: Մեր մտքով չէր անցնում, որ նման խնդրի առջև կկանգնենք: Օրինակ, տեղեր կան, ասենք՝ 3-րդ մասում, մեկ շաբաթ է՝ թանկացրել են: Բացի դա, A4 ֆորմատի թուղթը, ասենք՝ 500 հատ, եթե գնում էինք 1500 դրամով, հիմա վաճառում են 3000-4000 դրամով կամ ավելի բարձր գնով: Մարտի 20-ից արդեն A4 ֆորմատի թղթի խնդիր կար:
Կարծում ենք՝ պահեստներում կա թուղթ, պարզապես պահել են ու հիմա թանկ գնով կվաճառեն: Կարդացինք, որ Մոսկվայում էլ A4 ֆորմատի թուղթ չկա, պատճառն այն է, որ թղթի վերամշակման համար անհրաժեշտ քիմիկատներ չունի Ռուսաստանը, դրանք բերվում են Ֆինլանդիայից, իսկ քիմիական արտադրության ոլորտում գործող ֆիննական ընկերությունները մարտի 1-ից դադարեցրել են մի շարք արտադրանքի տեսակների առաքումը Ռուսաստան և Բելառուս»,- 168.am-ի հետ զրույցում ասացին պատճենահանման կետերի աշխատակիցները:
Հավելենք, որ հայտարարությունների list.am կայքում արդեն A4 ֆորմատի թուղթ են վաճառում՝ 3000-5000 դրամով: