«Խոսքը գնում է կոնկրետ էսկալացիոն գործողության մասին, մեր առաջնահերթ հարցերն ուղղված են մեր ռուս գործընկերներին». Էդուարդ Աղաջանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգաամվոր Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում՝ Ադրբեջանի  հետևողականորեն իրականացվող հերթական դրսևորումն է՝ արցախահայությանը զրկել  իրենց հայրենիքում ապրելու իրավունքից, ԼՂՀ հայության էթնիկ զտում իրականացնել:

«Ըստ էության սրան ականատես ենք եղել ամբողջ այն ժամանակահատվածում, այն պահից սկսած, երբ այս կոնֆլիկտն ի հայտ է եկել։ Այս վերջին շրջանում, մասնավորապես՝ հետպատերազմյան ժամանակահատվածում։ Ուզում եմ արձանագրել, որ սա արձանագրված իրավիճակը հերթական խախտումն է Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից բխող վերջինիս կողմից ստանձնած պարտավորությունների։ Մասնավորապես, այն կետի համաձայն, որ կողմերը համաձայնում են դադարեցնել ռազմական գործողությունները, մնալ նույն դիրքերում, և այդ սահմանագծում պետք է տեղակայվեն ռուսական խաղաղապահ զորքերը, և նրանք տեղակայվել են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Աղաջանյանը։

Նա տեղեկացրեց, որ առաջնագիծ եղել է, արձանագրելով, որ խոսքը վերաբերում է ռուս խաղաղապահների պատասխանատվության տիրույթում գտնվող տարածքի մասին։

«Այստեղ մեր հիմնական հարցը և աշխատանքը տվյալ պարագայում մեր ռուս գործընկերների հետ է։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել այս առաջխաղացումը, որովհետև փաստացի այս առաջխաղացման արդյունքում ադրբեջանական զինված ուժերը խրվել են ռուս խաղաղապահների թիկունքում, այսինքն՝ նրանց շրջանցել են։ Կրկնում եմ՝ սա՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթի, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի է։ Հետևաբար՝ մեր ակնկալիքն է՝ ստանալ հստակ պատասխաններ մեր ռուս գործընկերներից, թե ինչ պայմաններում ու ինչի արդյունքում է  սա տեղի ունեցել։ Ակնկալում ենք, որ ամենասեղմ ժամկետներում այս խնդիրը կվերացվի, և ադրբեջանական զինված ուժեր կվերադառնան այն ելման դիրքեր, որտեղից այդ առաջխաղացումը տեղի է ունեցել։ Տեղեկացնեմ, որ ադրբեջանական կողմի թիկունքում է  հայտնվել Փառուխ գյուղը, և այդ առաջխաղացման արդյունքում նրանք զբաղեցրել են մի շարք դիրքեր, որքանով տեղյակ եմ՝ Քարագլխի մասին է  խոսքը»,- հավելեց Է. Աղաջանյանը։

Նա տեղեկացրեց, որ առաջախաղացմանը հետևել են տեղային ռազմական գործողություններ, ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր, կոնկրետ «բայրաքթարներ», որոնք խոցել են ՊԲ որոշ դիրքեր։

«Որպեսզի պարզ լինի, խոսքը գնում է կոնկրետ էսկալացիոն գործողության մասին, որի հետ կապված մեր առաջնահերթ հարցերն ուղղված են մեր ռուս գործընկերներին»,- եզրափակեց Էդուարդ Աղաջանյանը։

Տեսանյութեր

Լրահոս