Խուճապային տրամադրություններ չկան, իրավիճակը վերահսկվում է. հայտնում են Ասկերանի վարչակազմից
Արցախի Հանրապետության ՊԲ-ն առավոտյան պաշտոնական հաղորդագրությամբ անդրադարձել է երեկ Արցախից ստացվող իրարամերժ տեղեկություններին՝ մասնավորապես հայտնելով, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը:
ՊԲ-ից տեղեկացրել են նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցություններն էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր, ավելին՝ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով՝ ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ՝ հարվածային ԱԹՍ:
«Ծավալված փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա հինգ վիրավոր»,- փոխանցել է ՊԲ-ն:
Ասկերանի վարչակազմից էլ 168.am–ի հետ զրույցում հայտնեցին` այս պահին կրակոցներ չկան. «Մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ չկան, իրավիճակը վերահսկվում է: Ոչ մի կրակոց չկա այս պահին»:
Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ Փառուխ և Խրամորթ գյուղերից տարհանված կանայք և երեխաները ժամանակավորապես տեղավորվել են Ասկերանի վարչակազմի տարբեր համայնքերում: